Հրաժեշտ նախակրթարանին
2022 թվականի հունիսի 30-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ «Սբ.Մովսես Խորենացի» նախակրթարանի 2021-22 ուսումնական տարվա եզրափակիչ միջոցառումը, որը նաև ավագ խմբի հրաժեշտի տոնահանդես էր:
Միջոցառմանը ներկա էին հյուրեր, ծնողներ, ուսուցիչներ, նախակրթարանի նախկին սաներ:
Իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը՝ Տեր Հովսեփ քհն. Հարությունյանի ուղեկցությամբ:
Տոնականորեն էր զարդարված դահլիճը, օրվա տրամադրությանը պատշաճ, իսկ օրը և՛ ուսումնական տարվա ավարտ էր, և՛ամառային արձակուրի անհոգ և երջանիկ օրերի մեկնարկ, և ավագ խմբի սաների հրաժեշտ նախակրթարանին, որտեղ շատ բան էին սովորել և գիտելիքների պաշարով պետք է ոտք դնեն տարրական կրթության շեմ:
Յուրահատուկ էր դահլիճի ձևավորումը՝ տիեզերք, մոլորակներ ու մտքաթիռ, ավագները՝ պատասխանում էին թվեր, հայոց տառեր, հայրենիք պատկերող մոլորակների մասին «Գիտունիկի» ու «Ինչուիկի» հարցերին: Խորհրդանշորեն «Մանկություն» մոլորակի երկնակամարը խաղաղ էր, ուրախ տրամադրություն պարգևող, իսկ երկիր մոլորակի վրա՝ պատերազմ, խառնաշփոթ: Այն հարցին, ինչու են մարդիկ պատերազմում, պատասխանը՝ սիրո պակասն է, որն այնքան անհրաժեշտ է բոլորին:
Ցերեկույթն սկսվեց նախակրթարանի սաների Տերունական աղոթքով և Թեմակալ առաջնորդի օրհնությամբ: Միջոցառումը բացեց թեմի կրթական բաժնի տնօրեն, «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը: Վերջինս իր երախտագիտությունը հայտնեց Վիրահայոց Թեմի առաջնորդին՝ մանկական հաստատությունը իր ուշադրության ներքո պահելու և աջակցելու համար: Կարևորեց 19 շրջանավարտների մասին, որոնցից 16-ը ուսումը շարունակելու է մայրաքաղաքի հայերեն ուսուցմամբ դպրոցներում:
Իրավամբ մեծացել էին ավագ խմբի երեխաները: Նրանց բարի երթ և ուսման մեջ հաջողություններ մաղթեցին նախակրթարանի կրտսեր սաները, խոստանալով նրանց օրինակով լինել աշխատասեր, կարգապահ, սիրել նախակրթարանը, հայրենիքը, ծնողներին և միմյանց: Ուրախ տոնահանդեսում հնչեց գեղեցիկ և գրագետ հայերենը, որը տոգորված էր Հայոց Եկեղեցու, մայրենի լեզվի ու մայր հայրենիքի նկատմամբ մեծ սիրով: Սրտառուչ խոսքը, գեղեցիկ պարը, ուրախ երգը, որ նախակրթարանում նրանց սովորեցրել էին հարգելի ուսուցիչներ Եվգենյա Մարկոսյանը, Աիդա Բազոյանը, Սյուզաննա Բրուտյանը, դայակ Երինազ Բաղդասարյանը, հիրավի դարձավ հայեցի դաստիարակության ուղղությամբ կատարված մեծ աշխատանքի վկայություն, որը նաև ուղեգիր է դեպի մեծ կյանք՝ ազգային մտածելակերպով:
Վիրահայոց թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի գործունեության և ցուցաբերվող հոգատարության համար շնորհակալության խոսքեր ասացին ծնողներ Անուշ Պետրոսյանը և Քրիստինե Հովակիմյանը:
«Կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Բոստանջյանը, անթաքույց հպարտությամբ գնահատանքի խոսքեր ուղղեց նախակրթարանի 2021-22 ուստարվա այն շրջանավարտների ծնողներին, ում զավակները կստանան մայրենի լեզվով կրթություն: Տիկին Բոստանջյանը երեխաներին նվիրեց «Հայկական հեքիաթներ» գիրքը, հորդորելով դառնալ արժանավոր հայորդի, սիրել հայրենիքը, սրբությամբ պահել ու պահպանել հայոց լեզուն:
Ամփոփելով տոնահանդեսը, Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը օրհնության և գահատանքի խոսքեր ուղղեց նախակրթարանի բոլոր աշխատակիցներին: Հայրենիքից դուրս հայերենի և հայկական ոգու պահպանումը Հայր Սուրբն անվանեց պայքար, որի դրական արդյունքները նկատելի են թեմի հովանու ներքո գործող բոլոր նմանատիպ կառույցներում՝ Ռուսթավիի, Բաթումիի, Մառնեուլիի, Ախալցիխեի, Ախալքալաքի, Նինոծմինդայի շրջաններում և հարակից գյուղերում: Թեմակալ առաջնորդը գնահատանքի խոսքեր ուղղեց ծնողներին իրենց երեխաներին այստեղ բերելու և նրանց հայեցի դաստիարակություն տալու համար:
Կարևորելով մայրենիի իմացությունը, Հգշ. Տեր Կիրակոս վարդապետը անդրադարձ կատարեց նաև թեմում գործող կիրակնօրյա վարժարաններին, որտեղ տարբեր տարիքի մարդիկ լրացնում են մայրենին չիմանալու բացը: Շնորհավորելով Սբ. Գրիգոր Նարեկացի մեկօրյա վարժարանի (ուսուցիչներ՝ Թամարա Գաբոյան, Ռևիկ Կարապետյան) սաներին դասընթացն ավարտելու կապակցությամբ, Հայր Սուրբի ձեռամբ և օրհնությամբ շրջանավարտները ստացան վկայականներ:
Տոնահանդեսի ուրախ ավարտ դարձավ Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում նախակրթարանի շրջանավարտների երազանքներով փուչիկների բաց թողումը երկինք՝ անպայման իրականանալու մեծ հավատով և հույսով: