Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի ներկայացուցիչները կմասնակցեն «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» համահայկական ուխտագնացությանը
2022 թվականի հուլիսի 5-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ և աջակցությամբ, թեմի երիտասարդական բաժնի (ղեկավար՝ Էմիլ Սարգսյան) երեք անդամներ՝ Արմենուհի Պոդոսյանը, Աիդա Բազոյան և Բորիս Մզիկյանը ուղևորվեցին Հայաստանի Հանրապետություն, մասնակցելու ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» համահայկական ուխտագնացությանը, որը կանցկացվը հուլիսի 6-11-ը:
Արդեն ավանդական դարձած ուխտագնացությանը կմասնակցեն շուրջ երկու հարյուր երիտասարդներ՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:
Ուխտավոր երիտասարդները կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Ուխտագնացության ընթացքում կկազմակերպվեն այցեր հայաստանյան սրբավայրեր։
Երիտասարդները կայցելեն նաև Եռաբլուր՝ աղոթք բարձրացնելու «վասն հավատո և վասն հայրենյաց» նահատակված զինվորների հոգիների հանգստության համար։
Ուխտագնացության ժամանակ կանցկացվի ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կողմից մշակված երիտասարդական աշխատանքի կազմակերպման երկօրյա կրթական դասընթաց։
ՀԵՀԵՄ համահայկական ուխտագնացությունները հրավիրվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ: Մասնակիցները Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի եկեղեցասեր երիտասարդներն են: