Материалы

«Ֆրունզիկ Մկրտչյան- Հնդկաստանը հիշում է ինձ» ֆիլմի ցուցադրում Երևանում

Կինոյի և թատրոնի անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան օրը Երևանում նշվեց «Մոսկվա» կինոթատրոնում «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ:  ֆիլմի ցուցադրությանը ներկա էին  հեղինակ և պրոդյուսեր Դավիթ Բեժիտաշվիլին, ռեժիսոր Օթար Միքելաձեն,  լուսանկարիչ Յուրի Մեչիտովը:

Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ և  աջակցությամբ, ֆիլմի ցուցադրությանը մասնակցում էր նաև  թեմի «Հայարտուն» կենտրոնի պատվիրակությունը՝ Եվգենյա Մարկոսյանի գլխավորությամբ՝ թեմի մշակույթի բաժնի ղեկավար Սուրեն Աբրամյանի և դուդուկի դասարանի ուսուցիչ Իվանե Մկրտչյանի կազմով:

Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին  ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանության, Վրաստանի հյուպատոսության, «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի, ՀՀ ԱԳՆ-ի ներկայացուցիչներ և արվեստագետներ:

Երևանում թբիլիսցի հյուրերն այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ հանգչում է  մեծ արտիստի աճյունը և ծաղիկներ խոնարհեցին Ֆրունզիկ Մկրտչյանին գերեզմանին:  

Հիրավի,  մշակութային հարաբերությունները արվեստի լեզվով  ժողովրդական բարեկամության դրսևորում են: Դրա վկայությունն էր ֆիլմի ցուցադրությանը նախորդած Վիրահայոց թեմի  «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» պարի խմբի կողմից հայկական ժողովրդական  պարերի կատարումը և դուդուկի նվագով  հայկական հոգեթով  մեղեդիների  տարածումը, որոնք նվիրվեցին մեծ արտիստի հիշատակին: 

Ֆիլմի ցուցադրումը հատկապես Ֆրունզիկ Մկրտչյանի ծննդյան օրը անդրադարձ էր  մեծ դերասան, ազգային մշակույթի մնայուն դեմք, Ֆրունզիկ Մկրտչյանի դերասանական  վարպետությանը,   դերասանի  հանրաճանաչությանը,  նրա նկատմամբ ժողովրդի ունեցած մեծ սիրուն ոչ միայն  մայր Հայրենիքում, այլև Վրաստանում, Ռուսաստանում,  աշխարհի տարբեր երկրներում:  Ֆիլմը պատմում է մեծանուն հայ դերասանի Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի՝ հնդկական «Ալի Բաբան և 40 ավազակները»  և «Լեգենդ սիրո մասին» ֆիլմերում ներկայացրած անկրկնելի դերակատարումների մասին և վեր հանում այն գնահատականն ու սերը, որով արտիստը անմոռանալի է Հնդկաստանում:

  Ահա այսպես նշվեց  կինոյի և թատրոնի  ինքնատիպ անունների  շարքում դասված այդ ուրախ-տխուր  դերասանի հիշատակը:

Img 20220706 Wa0008

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են