Վիրահայոց Թեմում նշվեց Սբ.Աստվածամոր Վերափոխման տոնը
2022 թվականի օգոստոսի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սբ. Աստվածամոր Վերափոխման տոնը: Այն հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված ամենահին տոնը: Աստվածամոր տոնը Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում նշանավորվեց Սբ. Պատարագներով և խաղողօրհնության կարգով:
Տոնական Պատարագները թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ, Հավլաբարի Սուրբ Էջմիածին, Ախալքալաքի, Նինոծմինդայի և Ախալցիխեի և հարակից գյուղերի Եկեղեցիներում սկսվել էին դեռևս շաբաթ օրվանից: Համայնքներին նվիրական ծառայություն մատուցեցին եկեղեցիների հոգևոր հայրերը: Նրանք վաղ առավոտվանից ժամերգություններ և խաղողի ու ողջ տարվա բերք ու բարիքի ավանդական օրհնության կարգ կատարեցին տեղերում:
Աստվածամոր Վերափոխման տոնի օրը թբիլիսահայ հավատացյալները իրենց սերը Աստվածամոր հիշատակին արտահայտեցին եկեղեցիներ այցելությամբ և տոնական Սբ. Պատարագներին մասնակցությամբ:
Վաղ առավոտից բազմամարդ էին Վիրահայոց թեմի եկեղեցիները: Խորանները զարդարվել էին օրվա խորհրդանիշ խաղողի տեսակներով ու մրգով: Ու չէր դադարում մարդկանց հոսքը դեպի եկեղեցի. գալիս էին գեղեցիկ զարդարված զամբյուղներով, սկուտեղներով՝ տարվա բերք ու բարիքի օրհնությունը և Բարձրյալի բարեխոսությունը ստանալու ակնկալիքով:
Առավոտյան ժամերգությունից հետո եկեղեցիներում կատարվեց Անդաստանի կարգ: Օրհնվեցին աշխարհի չորս ծագերը և ժողովուրդները:Այնուհետև ամենուրեք մատուցվեց Սբ. Պատարագ:
Թբիլիսիում տոնական Սուրբ Պատարագ մատուցվեց առաջնորդանիստ Սուրբ Գևորգ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում: Առաջնորդանիստ Սբ. Գևորգ եկեղեցում Պատարագիչն էր Վիրահայոց Թեմի առաջնորդ, հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը:
Տոնական Սբ. Պատարագին ներկա էին թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչներ, մտավորականներ, կառույցների ղեկավարներ, բազում հավատացյալներ և զբոսաշրջիկներ ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ այլ երկրներից:
Ս. Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Թեմակալ առաջնորդի, եկեղեցու խորանում կատարվեց «Խաղողօրհնեքի» հանդիսավոր արարողությունը, ընթերցվեց օրվա խորհուրդն ամփոփող ավետարանական հատվածը, այնուհետև բարձրացվեց Ս. Ներսես Շնորհալու «Խաղողի օրհնության» աղոթքը:
Պատարագիչ Հայր Սուրբը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի՝ Տիրամոր մեծ Առաքելության, նրա ննջման և Հարության, Վերափոխման մասին, կարևորեց Հայ Եկեղեցու տածած սերն ու խորին հարգանքը Սբ. Մարիամ Աստվածածնի հանդեպ, հորդորեց Աստվածամոր օրինակով շարունակել ապրել վերափոխման լույսով և Սբ. Հարության հավատով: Պատարագիչ հգշ. Տեր Կիրակոս վարդապետը շնորհավորեց ներկաներին, հատկապես մայրերին և Մարիամներին տոնի առիթով, անդրադարձ կատարեց խաղաղօրհնության խորհրդին, մեկնաբանեց խաղողը որպես մարդու նկարագիր, իսկ խաղողի կապը արմատներով հողին, համեմատեց հավատքին ու Եկեղեցուն հավատացյալների կապվածության հետ:
Սուրբ Պատարագներ մատուցվեցին և խաղողօրհնեքի կարգ կատարվեց նաև Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ախալքալաքի Սուրբ Խաչ, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս, Գանձայի Սուրբ Կարապետ, Բաթումի Սուրբ Փրկիչ, Քվեմո Քարթլիի Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցիներում, Ռուսթավի Սբ. Գրիգոր Նարեկացի հոգևոր կենտրոնում և մյուս հայաբնակ վայրերի եկեղեցիներում ու մատուռներում:
Այնուհետև տեղերում եկեղեցիների խաչքավորների և բարերար հայորդիների կողմից կատարվեց խաղողով և մատաղով հյուրասիրություն:
Երկուշաբթի օրը՝ օգոստոսի 15-ին, հիշատակ Մեռելոց է: Վիրահայոց թեմի եկեղեցիներում կմատուցվի հանգուցյալների հիշատակի Սբ. Պատարագ: Հավարտ Սբ. Պատարագի, կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ ննջեցյալների հոգու խաղաղության համար: