Խաչի փառաբանության տոնը Վիրահայոց թեմում
2022 թվականի սեպտեմբերի 11-ին Վիրահայոց թեմում նշվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը կամ Խաչի փառաբանության տոնը: Այն նշվեց եկեղեցիներում մատուցված Սրբազան Պատարագով:
Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի հանդիսապետությամբ, Սուրբ Պատարագ մատուցեց արժ. Տեր Հուսիկ քհն. Հարությունյանը: Սուրբ Պատարագին մասնակցեց Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանը՝ դեսպանության անձնակազմի ուղեկցությամբ:
Հընթացս Սբ. Պատարագի, պատարագիչ քահանան հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի մասին, հավատացյալ բազմությանը մեկնաբանեց գերությունից Տիրոջ խաչափայտի վերադարձի և Գողգոթայում կանգնեցման, հավատքի կարևորության և Խաչի նշանակության մասին, պատգամելով ներկաներին՝ ապրել հավատքով և քրիստոնեական պատվիրաններով:
Հավարտ Սբ. Պատարագի, Թեմակալ առաջնորդը ներկաներին շնորհավորեց տաղավար տոնի կապակցությամբ և ներկայացրեց նորանշանակ դեսպանին՝ բարի գալուստ և արգասաբեր դիվանագիտական գործունեություն մաղթելով նրան՝ ի փառս երկու քրիստոնյա երկրների բարեկամության խորացման և զարգացման:
Արարողության ավարտից հետո Հոգեշնորհ Տ. Կիրակոս վարդապետը առանձնազրույց ունեցավ դեսպան Սմբատյանի հետ:
Նույն օրը Թեմի եկեղեցիներում տեղի ունեցավ Սուրբ Խաչի վերացման փառաբանողական արարողություն: Հավարտ երեկոյան ժամերգության կատարվեց Սուրբ Խաչի թափոր: Տեղերում հոգևոր դասի առաջնորդությամբ Խաչը պտտեցվեց Եկեղեցու չորս կողմերում և ժողովուրդը օրհնվեց վարդաջրով: Շարականների երգեցողությամբ օրհնվեց ռեհանը, որը համարվում է խաչի ծաղիկ և բաժանվեց հավատացյալներին:
Վերջում եկեղեցիների բակում տեղի ունեցավ հյուրասիրություն:
Երկուշաբթի առավոտյան Վիրահայոց թեմի եկեղեցիներում կմատուցվի հանգուցյալների հիշատակի Սբ. Պատարագ և կկատարվի հոգեհանգստյան կարգ: