Թարգմանչաց օրվա տոնակատարություն և մանուկների օրհնության կարգ Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով հոկտեմբերի 8-ին նշվեց Սուրբ թարգմանիչ վարդապետների և նրանց աշակերտների տոնը: Այն հայ ժողովրդի նվիրական և սիրված ազգային- եկեղեցական տոներից է:
Թարգմանչաց տոնը Վիրահայոց թեմում նշանավորվեց հավուր պատշաճի: Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի հանդիսապետությամբ, Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց թեմի Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Շահումյան, Կարմիր և Ախքյորփի գյուղերի հոգևոր հովիվ հգշ. Տեր Զավեն վարդապետ Յազիչյանը:
Տոնական Սբ. Պատարագին, ի թիվս բազում հավատացյալների, ներկա էին «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանի երեխաները և «Հայարտուն» կենտրոնի ստեղծագործական խմբերի սաները:
Հընթացս Սբ. Պատարագի պատարագիչ Հայր Սուրբը քարոզ խոսեց օրվա խորհրդի, հայ ժողովրդի և հայ եկեղեցու տարեգրությունում ազգի երևելիներ թարգմանիչ վարդապետների և նրանց աշակերտների մասին: Նա, մասնավորապես, ներկայացրեց հայոց գրերի ստեղծման, հայոց պատմության, գիտության ու փիլիսոփայության զարգացման գործում այն մեծ դերակատարությունը, որի շնորհիվ ազգն ունի իր այբուբենը, դասվում է աշխարհի հնագույն և քաղաքակիրթ ժողովուրդների շարքը, իսկ երախտապարտ հայոց ազգը նրանց հիշատակում է տարվա ընթացքում երկու անգամ, դրանով բերելով իր խոնարհումը ազգի նվիրյալ վարդապետների նկատմամբ:
Հավարտ Սբ. Պատարագի Վիրահայոց թեմի առաջնորդի նախագահությամբ կատարվեց մանուկների օրհնության կարգ, հայցելով բոլոր մանուկներին խաղաղ և երջանիկ կյանք, Հայր Սուրբը մաղթեց նրանց դառնալ ազգի արժանավոր զավակներ, սրբությամբ պահել ու պահպանել մայրենին, ապրել Հավատքով և Քրիստոսի պատվիրաններով:
Տոնական օրն ավարտվեց Թեմի հոգեշնորհ վարդապետների ձեռամբ նախակրթարանի սաներին նվերներ բաժանելով:
Սբ. Թարգմանիչ-վարդապետների տոնին նվիրված Սրբազան պատարագներ են մատուցվել Վրաստանի բոլոր գործող հայկական եկեղեցիներում: