Материалы

Թարգմանչաց օրվա տոնակատարություն և մանուկների օրհնության կարգ Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով  հոկտեմբերի 8-ին նշվեց Սուրբ թարգմանիչ վարդապետների և  նրանց աշակերտների տոնը: Այն հայ ժողովրդի նվիրական և սիրված ազգային- եկեղեցական տոներից է:

Թարգմանչաց տոնը Վիրահայոց թեմում  նշանավորվեց հավուր պատշաճի:   Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի  հանդիսապետությամբ, Սուրբ  և  Անմահ Պատարագ մատուցեց թեմի Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Շահումյան, Կարմիր և Ախքյորփի գյուղերի հոգևոր հովիվ հգշ. Տեր Զավեն վարդապետ  Յազիչյանը:  

Տոնական Սբ. Պատարագին,  ի թիվս բազում հավատացյալների,  ներկա էին «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանի երեխաները և «Հայարտուն» կենտրոնի  ստեղծագործական խմբերի սաները:

Հընթացս Սբ. Պատարագի  պատարագիչ Հայր Սուրբը  քարոզ խոսեց  օրվա խորհրդի, հայ ժողովրդի և հայ եկեղեցու տարեգրությունում ազգի երևելիներ թարգմանիչ վարդապետների  և նրանց  աշակերտների մասին: Նա, մասնավորապես, ներկայացրեց հայոց գրերի ստեղծման, հայոց պատմության, գիտության ու փիլիսոփայության զարգացման գործում այն մեծ դերակատարությունը, որի շնորհիվ ազգն ունի իր այբուբենը, դասվում է աշխարհի հնագույն և քաղաքակիրթ ժողովուրդների շարքը, իսկ երախտապարտ հայոց ազգը  նրանց հիշատակում է տարվա ընթացքում երկու անգամ, դրանով բերելով  իր խոնարհումը  ազգի  նվիրյալ վարդապետների նկատմամբ:

2

Հավարտ Սբ. Պատարագի Վիրահայոց թեմի առաջնորդի նախագահությամբ կատարվեց  մանուկների օրհնության կարգ, հայցելով բոլոր մանուկներին  խաղաղ և երջանիկ կյանք, Հայր Սուրբը   մաղթեց նրանց դառնալ ազգի արժանավոր զավակներ, սրբությամբ պահել ու պահպանել մայրենին, ապրել Հավատքով  և Քրիստոսի պատվիրաններով:

Տոնական  օրն ավարտվեց  Թեմի հոգեշնորհ  վարդապետների ձեռամբ  նախակրթարանի սաներին նվերներ  բաժանելով:

Սբ. Թարգմանիչ-վարդապետների տոնին նվիրված Սրբազան պատարագներ են մատուցվել Վրաստանի բոլոր գործող հայկական եկեղեցիներում:

3

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են