Материалы

Ավանդական տոլմայի փառատոն Թբիլիսիում

2022 թվականի հոկտեմբերի 9-ին Թբիլիսիում, Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, տեղի ունեցավ հայ համայնքում ավանդական դարձած տոլմայի փառատոնը:

Փառատոնն իրականացվեց Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդարանի հովանավորությամբ և Սբ. Գևորգ եկեղեցասեր կանանց ու  «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ:

Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ, Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի, Քվեմո Քարթլիի տարածաշրջանի  Շահումյան, Կարմիր և Ախքյորփի գյուղերի հոգևոր հովիվ հգշ. Տեր Զավեն վրդ. Յազիչյանի  հանդիսապետությամբ և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պ-ն Աշոտ Սմբատյանի  պատվավոր ներկայությամբ, կիրակնօրյա  Սբ. Պատարագ մատուցեց արժ. Տեր  Վիրապ քհն. Ղազարյանը:

2

Հավարտ Սբ. Պատարագի հգշ.  Տեր Զավեն վրդ.  Յազիչյանը ընթերցեց  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի  սրբատառ Կոնդակը, որով  Հայոց Հայրապետը բարձր  գնահատելով Վան Բայբուրթյանի   գործունեությունը և Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի խնդրանքի համաձայն,  Վրաստանի հայալեզու «Վրաստան» թերթի խմբագիր,  հասարակական, քաղաքական   և համայնքային վաստակաշատ գործիչ, Հայոց եկեղեցու նվիրյալ հետևորդ, Վրաստանի և Հայաստանի  պետական կառույցների , հոգևոր բարձրագույն ատյանների բազմակի անդամ, հայ-վրացական բարեկամության  ջատագով, Թբիլիսիի պատվավոր քաղաքացի  Վան Բայբուրթյանին  պարգևատրում է հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվո բարձր՝ Սբ. Սահակ և Սբ. Մեսրոպ  շքանշանով:

Թեմակալ առաջնորդ Հայր Կիրակոսը  շնորհավորեց  Վան Բայբուրթյանին , բերելով իր օրհնությունը և Հայոց Եկեղեցու շքանշանով զարդարեց արժանավոր հայորդու  կուրծքը:

Օրվա տոնական տրամադրությունը շարունակվեց եկեղեցու  բակում, որտեղ  իրար  կողքի շարված էին Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության, Սբ. Գևորգ եկեղեցասեր կանանց,  թեմի «Հայարտուն» և  Հովհ. Թումանյանի տուն» կենտրոններում և  քաղաքում գործող  այլ գեղարվեստական համույթների և բազում հավատյալների  ներկայացրած  տարբեր տեսակի բուրումնավետ տոլմայի  շուրջ երեք տասնյակ կաթսաներ:

Հայր Սուրբի կողմից սեղանը օրհնելուց և  մայր հայրենիքի  պետական ներկայացուցչի  շնորհավորանքից  հետո  ներկա հասարակությունը  հյուրասիրվեց ազգային կերակրատեսակով,  վայելելով  օրվա բերկրանքը:

Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը  շնորհակալություն է  հայտնում բոլոր աջակիցներին և փառատոնի մասնակիցներին:

3

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են