Հագեցած և բեղմնավոր օր Վիրահայոց թեմի «Սբ. Գրիգոր Նարեկացի» կենտրոնում
2022 թվականի հոկտեմբերի 9-ը տոնական դարձավ Վիրահայոց թեմի քաղաք Ռուսթավիի «Սբ. Գրիգոր Նարեկացի» կենտրոնում: Տեղի հայ համայնքի անդամները մասնակցեցին արժ. Տեր Հովսեփ քահանա Հարությունյանի մատուցած Սուրբ Պատարագին:
Հընթացս Սբ. Պատարագի պատարագիչ քահանան քարոզ խոսեց Հայոց Եկեղեցու ազգային տոնի՝ Թարգմանչաց օրվա խորհրդի մասին, ընդգծելով Սուրբ վարդապետներ Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու մեծ դերակատարությունը մեր ժողովրդի կյանքում և եկեղեցու պատմության մեջ:
Արժ. Տեր Հովսեփ քահանան փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի օրհնությունը և բարեմաղթանքները Թարգմանչաց տոնի առիթով և կատարեց մանուկների օրհնության կարգ: Ռուսթավի նախակրթարանի սաներին բաժանվեց նաև տոնական օրվա նվերներ:
Ռուսթավիի հայ համայնքը , միանալով տոլմայի փառատոնին, իր մասնակցությունը բերեց ավանդական միջոցառմանը և կենտրոնում կազմակերպեց ազգային այս ճաշատեսակով հյուրասիրություն: Հայ տիկինների պատրաստած տոլմայով օրը դարձավ ուրախ և հագեցած քաղաք Ռուսթավիի Սբ. Գրիգոր Նարեկացի կենտրոնում: