Բորջոմում կայացավ Վրաստանի Կրոնի գործակալության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի վարժանք
2022 թվականի նոյեմբերի 8-ին Բորջոմում, «Բորջոմի Լիկանի» հյուրանոցում, Կրոնի հարցերով պետական գործակալության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) կազմակերպմամբ, մեկնարկեց «Կրոնի ազատությունը և երեխայի լավագույն հետաքրքրություններ» եռօրյա վարժանք: Վարժանքին ի թիվ Վրաստանի տարբեր կրոնական համայնքների առաջնորդների, մասնակցում էին նաև Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը և Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Շահումյան, Կարմիր և Աղքյորփի գյուղերի հոգևոր հովիվ հոգեշնորհ Տեր Զավեն վարդապետ Յազիչյանը:
Միասնական վարժանքի նպատակն է երեխաների իրավունքների պաշտպանության հարցերում կրոնական առաջնորդների գիտելիքի խորացումը և այնպիսի կարևոր թեմաների մասին իրազեկումը, ինչպիսիք են ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոնվենցիան և դրա չորս ընդհանուր սկզբունքները, Վրաստանի երեխաների իրավունքների օրենսգիրքը, երեխաների պլանային պատվաստումը, COVID 19-ի դեմ պատվաստումը և երեխաների նկատմամբ բռնությունը:
Վարժանքը բացեցին և հանդիպման մասնակիցներին ողջունեցին Կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն և Վրաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ, դոկտոր Ղազան Խալիլը: Վերջիններս իրենց խոսքում կարևորեցին գործակալության և Մանկական հիմնադրամի համագործակցության նշանակությունը Վրաստանում երեխաների իրավունքների պաշտպանության գործում: