«Գարի Դավթյանի տուն» տիկնիկային թատրոնը հյուրընկալեց ռուսթավցի երեխաներին
2022 թվականի նոյեմբերի 11-ին, Վիրահայոց թեմի «Սբ. Գրիգոր Նարեկաց» հոգևոր կենտրոնի սաները հյուրընկալվեցին Թբիլիսիի «Գարի Դավթյանի տուն» տիկնիկային թատրոնում:
Տիկնիկային թատրոնի տնօրեն տիկին Ժաննա Դավթյանը սիրով ընդունեց Հոգևոր կենտրոնի «Նաիրի» նախակրթարանի և հայերենի ուսուցման դասարանի, թվով 14 սաների՝ Աիդա Փոլադյանի և Անի Մինասյանի առաջնորդությամբ: Հոգևոր կենտրոնի ղեկավար արժանապատիվ Տեր Հովսեփ քահանա Հարությունյանը ողջունեց «Գարի Դավթյանի տան» տնօրենին և փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի օրհնությունը ռուսթավցի երեխաներին հյուրընկալելու համար:
Տիկին Ժաննան սիրով ներկայացրեց թատրոնում տեղ գտած տիկնիկ կերպարներին, պատմեց դրանց ստեղծման խորհրդանշական բովանդակությունը: Այնուհետև ռուսթավցի երեխաներին ցույց տվեց հատված տիկնիկների դերակատարումով:
Անսահման մեծ էր փոքրիկների ուրախությունն ու հիացմունքը տիկնիկների հեքիաթային աշխարհում լինելու, նրանց հետ շփվելու հնարավորությունից:
Ռուսթավիի «Սբ. Գրիգոր Նարեկացի» հոգևոր կենտրոնի ղեկավարությունը, ուսուցիչները և ծնողները իրենց շնորհակալությունն են հայտնում «Գարի Դավթյանի տուն» տիկնիկային թատրոնին և անձամբ տնօրեն Ժաննա Դավթյանին՝ ռուսթավի երեխաների օրը տպավորիչ և անմոռանալի դարձնելու համար: