Материалы

Հայոց պատմության մահասարսուռ էջը - հոգեհանգստյան արարողություն երկրաշարժի զոհերի հիշատակին

2022 թվականի դեկտեմբերի 7-ին, Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում,  Քվեմո Քարթլիի Շահումյան, Կարմիր և Ախքյորփի  գյուղերի հոգևոր հովիվ հգշ. Տեր Զավեն վարդապետ Յազիչյանի նախագահությամբ, հոգևորաց ու սարկավագաց դասի մասնակցությամբ,  կատարվեց հոգեհանգստյան պաշտոն՝ 1988 թվականին Հայաստանի Հանրապետությունում  տեղի ունեցած աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին:

Արարողությանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, վիրահայ համայնքային կառույցների ղեկավարներ և անդամներ, թեմապատկան կենտրոնների  և տարբեր բաժինների աշխատակիցներ, հասարակայնության ներկայացուցիչներ:

Եկեղեցու ներսում տարածվեց սգո երաժշտությունը, ժամը 11-ն անց 41 րոպեին աշխարհասփյուռ հայոց եկեղեցիների զանգերին միացան Հավլաբարի Սուրբ Էջմիածին  եկեղեցու զանգի ղողանջները՝ հիշեցնելով վայրկյանների ընթացքում բնության ձեռքով կյանքի ընթացքը կանգնեցրած, մահ ու ավերածություն տարածած  բնական աղետի մասին:    

 Չնայած ժամանակը սպիացնում է վերքերը,  հայ մարդը այնուամենայնիվ  շարունակում է իր աղոթքով հիշել  անմեղ նահատակներին և մոմ վառել նրանց հոգու խաղաղության համար:

2293379548 N

Հավարտ  արարողության, հոգեշնորհ Տեր  Զավեն վարդապետ Յազիչյանը անդրադարձ կատարեց Հայաստանի հյուսիսային շրջանների  աղետաբեր երկրաշարժի ավերածություններին: Մարդիկ, որ այդ օրը արթնացել էին բարի լույսի աղոթքով  և միացել էին  կյանքի առօրյա ընթացքին, հանկարծ հայտնվեցին  մահասարսուռ աղետի առջև՝ անզոր ու անպաշտպան: Հայր Սուրբը արժևորեց աշխարհի երկրների արձագանքն ու օգնությունը դժբախտության մեջ հայտնված հայ ժողովրդին, որը երախտագիտությամբ է հիշում ցուցաբերված աջակցության մասին: Հգշ. Տեր Զավեն վարդապետը երկրին պատուհասած երկրաշարժը անվանեց Աստծու փորձություն և հորդորեց ներկաներին ապրել քրիստոնեական սիրով և հավատով, Ամենազոր Արարչից հայցելով  նման փորձություններից պաշտպանություն:

Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում երկրաշարժի զոհերի հիշատակին կատարվեց հոգեհանգստյան կարգ և մոմեր վառվեցին նրանց հոգիների խաղաղության համար:

1988թ. դեկտեմբերի 7-ին, տեղի ունեցած  ավերիչ երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Երկրաշարժն ընդգրկել էր ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1 մլն. մարդ: Տուժեցին 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան մնաց 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացավ շուրջ 20 000 մարդ: Ավերվեց ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարեցին գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս հասցվեց գյուղերին և ագրոարդյունաբերական համալիրին, ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին, տուժեց ժողկրթության 917 օջախ:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են