Ամանորյա հեքիաթը Վիրահայոց թեմի «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանում
2022 թվականի դեկտեմբերի 21-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում (տնօրեն՝ Եվգենյա Մարկոսյան) ամանորյա եռուզեռ էր: Թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի սաները պատրաստվում էին ճանապարհել անցնող տարին և դիմավորել Նոր տարին, որ գալու էր հեքիաթի կենդանի հերոսների հետ միասին:
Իսկ հերոսներին կերպարանավորել էին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայպետրամայի պրոֆեսիոնալ թատրոնի դերասանները: Դրանք էին Ձմեռ պապը, Ձյունանուշիկը, վագրը, գայլը, մկնիկը և նապաստակը:
Տոնականորեն զարդարված դահլիճը ներդաշնակվում էր սաների հագուստին ու գեղեցկությանը, որի համար այնքան ջանքեր էին գործադրել նրանց ծնողները: Երեխաները ներկայացնում էին Ձյունանուշիկին, Կարմիր գլխարկին, Մոխրատիտիկին, արքայից արքային ու թագուհուն, աղվեսին, աքլորին, փղին, միաեղջյուրին, առյուծին, գայլին ու արջուկին:
Փոքրիկները սպասում էին հեքիաթի հերոսներին, մեծ էր նրանց ցանկությունը լավ ներկայացնել նախակրթարանի դաստիարակչուհիներ Աիդա Բազոյանի և Տաթևիկ Սահակյանի սովորեցրած Ամանորյա բանաստեղծություններն ու երգերը, խաղերն ու հանելուկների պատասխանները և անպայման արժանանալ գովեստի:
Եվ ահա եկավ Ձմեռ պապն իր ուղեկիցներով ու սկիզբ առավ տոնահանդեսը: Երգ-երաժշտությամբ զուգակցվող փոքրիկների արտասանությունը, ուրախ խաղերը և խմբային երգերը առանձնահատուկ տրամադրություն ստեղծեցին դահլիճում:
Տոնական տրամադրությունն ավարտվեց «Գալդ բարի, Նոր տարի» մաղթանքով: Իհարկե, Ձմեռ պապը դատարկաձեռն չէր եկել, բերել էր նվերներ բոլորի համար, որ նրան փոխանցել էր «Արմենիա» խանութը (տնօրեն՝ Էդուարդ Մուրադյան): Հեքիաթի հերոսների հետ նկարվելուց և գեղեցիկ նվերներով ուրախացած, բարձր տրամադրությամբ ավարտվեց նախակրթարանի ամանորյա տոնահանդեսը:
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը շնորհակալություն հայտնեց ադամյանցիներին, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանին նախակրթարանի սաների տոնածառի և ամանորի տոնահանդես կազմակերպելու համար: