Материалы

«Չարենցյան ընթերցումներ» Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնում

2022 թվականի դեկտեմբերի 22-ին,Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» գիտակրթամշակութային կենտրոնում կայացավ Եղիշե Չարենցի ծննդյան 125 ամյակին  նվիրված «Չարենցյան ընթերցումներ» միջոցառումը: Այն դարձավ նաև կենդանության տարիներին ազգի երկու հանճարների չկայացած հանդիպման՝ Եղիշե Չարենցի յուրօրինակ հյուրընկալությունը Հովհաննես Թումանյանի պատմական թբիլիսյան բնակարանում՝ այժմ «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնում:

Միջոցառմանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության մշակույթի հարցերով խորհրդական Աննա Սահակյանը, Երևանի Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը, թբիլիսահայ մտավորականներ:

Բացելով միջոցառումը և ողջունելով ներկաներին, կենտրոնի տնօրեն Գիսանե Հովսեփյանը, Հովհ. Թումանյանի թբիլիսյան տան տարեվերջի միջոցառումը որակավորեց վիրահայության խոնարհում, նաև հպարտություն ազգի հանճարների նկատմամբ:

Հուզիչ էր Երևանի Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի անակնկալը՝ Չարենցին և Թումանյանին նվիրված տեսաֆիլմի ցուցաւդրությունը, հատկապես «Չստացված հանդիպումներ»-ը, որտեղ ամփոփված էին Հովհ. Թումանյանի և Եղիշե Չարենցի  նամակները: Բանախոսը ներկայացրեց  հոբելյանական ալբոմները, յուրօրինակ բացիկները և Չարենցին նվիրված «Արվեստ» ամսագրի հոբեալյանական համարը: Տիկին Եղիազարյանը արժևորեց Չարենցի «Գիրք ճանապարհի», «Երկիր Նաիրի», «Դանթեական առասպել» (իտալերեն) տպագրված գրքերը, ՀՀ գիտությունների ակադեմիայի  պատրաստած Չարենցի ստեղծագործությունների 13 հատորյա ժողովածուն, որտեղ բացահայտվում են բազմաւթիվ գաղտնագրություններ, հատվածներ բանտային օրագրից, նորանոր տեղեկություններ: 

Միջոցառման անակնկալը վիճակահանությամբ ներկաներին բաժին ընկած հայերեն, վրացերեն և ռուսերեն գրված Եղիշե Չարենցի  բանաստեղծություններով մագաղաթների  ընթերումն էր, որոնք ներդաշնակվեցին դերասանուհի Մելանյա Բարսեղյանի, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանի, հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանի, մանկավարժ Ռոզա Զոհրաբյանի, բանաստեղծ-թարգմանիչ Մարինա Մոսեսովա-Կիրակոսյանի, լրագրող Գոհար Մազսմանյանի ելույթներով:

Գեղեցիկ ավարտ դարձավ «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի՝«Ես իմ անուշ Հայաստանի» անմահ բանաստեղծության ասմունքը, որին ձայնակցեցին ներկաները: Միջոցառմանը երաժշտական  տրամադրություն հաղորդեցին դաշնակահար Եսայի Աբովյանը և կիթառահար Լևոն Ալոյանը:

Աշխատանքային այցով Թբիլիսի ժամանած Երևանի տուն-թանգարանի տնօրենը հանդիպում ունեցավ Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի հետ, որտեղ քննարկվեցին այն նոր ծրագրերը և համագործակցության եզրերը, որ իրականացնելու են Թբիլիսիի «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնը և Երևանի Հովհ. Թումանյանի տուն-թանգարանը Ամենայն Հայոց բանաստեղծի մահվան 100-ամյա հոբելյանական տարում: 
321249934 706341167727548 2026080194586836547 N

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են