Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի գեղարվեստական խմբերի կիսամյակային հաշվետու համերգը
2022 թվականի դեկտեմբերի 23-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան դահլիճը բազմամարդ էր, մթնոլորտը՝ տոնական, իսկ հաշվետու համերգի մասնակիցները՝ անհանգիստ ու պատասխանատվության մեծ զգացումով: Շատերի համար հաշվետու համերգին մասնակցությունը առաջին անգամ էր:
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի (տնօրեն՝ Եվգենյա Մարկոսյան) գեղարվեստական խմբերը հանդիսատեսին ներկայացրեցին այն ամենը, ինչը սովորել էին կես տարվա ընթացքում ՝ հայ մշակույթը Վրաստանում, ի մասնավորի Թբիլիսիում պահելու և զարգացնելու համար:
Ոչ սովորական էր հաշվետու համերգի ձևաչափը, բոլոր խմբերը յուրահատուկ էին պատրաստվել, ցուցադրելով համատեղ համարներ, ներդաշնակված ազգային պար ու երգ, նվագարաններով հնչած մեղեդիներ ու մենակատարների ելույթներ: Բոլոր համարները տոգորված էին ազգային ոգով, հայրենասիրական պաթոսով, ժողովրդական, քնարական, էստրադային շնչով, որ գրված էին հայ բանաստեղծների ստեղծագործություններով:
Հուզիչ էր «Սուրբ Ծննդյան ավետիս» շարականը թեմի «Ներսես Շնորհալի» երգչախմբի (խւմբավար՝ Մարի Աբուլյան, դաշնակահար՝ Կարեն Միրզոյան) կատարմամբ: Աղոթքի նման հնչած շարականին հետևեցին Սայաթ Նովայի և ժողովրդական այլ երգեր, որ կատարվեց «Հայարտանը» հասակակից երգչախմբի կողմից:
Ներկաների ծափահարություններին արժանացան մենակատարներ Աիդա Բազոյանի, Մարի Մարոզյանի, Արման Պապիկյանի ելույթները, որոնք ուղեկցվում էին դուդուկի մեղմ նվագակցությամբ (ուսուցիչ՝ Իվանե Մկրտչյան): Բարձր տրամադրություն ստեղծեց Վլադիմիր Ասատուրովի ղեկավարած «Հայոս Բենդ» վոկալ-գործիքային համույթը, մենակատար Սոֆյա Օգանեզյանի ելույթները: Իսկ Սուրեն Աբրամյանի ղեկավարած «Տարոն» ազգային պարի ավագ և կրտսեր խմբերի պարերը հայրենասիրության, միասնության, անպարելիության ոգու դրսևորում էին:
Կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը համերգի վերջում արժևորեց բոլոր ելույթները կատարողական պատշաճ մակարդակի և հնչեղության համար:
Օրհնության խոսքով հաշվետու համերգը ամփոփեց արժանապատիվ Տեր Հովսեփ քահանա Հարությունյանը: Վերջինս փոխանցեց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի օրհնությունը և շնորհավորանքները և գնահատանքի խոսքեր ուղղեց համերգի մասնակիցներին, խմբերի ղեկավարներին և Կենտրոնի տնօրենին:
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի գեղարվեստական խմբերի կիսամյակային հաշվետու համերգն ավարտվեց Շառր Ազնավուրի «Քեզ, Հայաստան» երգով, որպես անպարտելիության կոչնակ Մայր հայրենիքի և Արցախի համար այս ծանր օրերին: