Ճրագալույցի Սուրբ Պատարագ Վիրահայոց Թեմի եկեղեցիներում
2023 թվականի հունվարի 5-ի երեկոյան, Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության առաջին տաղավար տոնի կապակցությամբ,Վիրահայոց Թեմի եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Դա Սուրբ Ծննդյան նախատոնակին, եկեղեցիներում մատուցված Ճրագալույցի Սուրբ Պատարագն էր:
Նախատոնակ օրը բազմամարդ էին Թբիլիսիի, Բաթումի, Սամցխե Ջավախքի, Քվեմո Քարթլիի տարածաշրջանների հայոց եկեղեցիները: Ըստ ծիսական ավանդույթի, հավատացյալները եկել էին առաջինը լսելու Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսը: Մինչ Սբ. Պատարագի սկսվելը, եկեղեցիներում կատարվեց Երեկոյան ժամերգություն, ընթերցվեցին օրվան հարիր Սուրբգրային տարբեր հատվածներ:
Հավատացյալներով լեցուն էր Թբիլիսիում գործող հայոց եկեղեցիները՝ Սուրբ Գևորգ առաջնորդանիստը և Հավլաբարի Սուրբ Էջմիածինը: Վիրահայոց Թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ և Անմահ պատարագ մատուցեց Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Շահումյան, Կարմիր և Աղքյորփի գյուղերի հոգևոր հովիվ հոգեշնորհ Տեր Զավեն վարդապետ Յազիչյանը, իսկ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում օրվա Պատարագիչն էր արժանապատիվ Տեր Հովսեփ քահանա Հարությունյանը:
Հգշ. Տեր Զավեն վարդապետն իր քարոզում անդրադարձ կատարեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդի խորհրդին՝ որպես պարգև մարդկությանը մեղքերից ձերբազատվելու, ցավերն ամոքելու, հույս և ապավեն դառնալու, նրան դեպի Երկնային թագավորություն առաջնորդելու աստվածային ուղի: Հայր Սուրբը խոսեց Աստծու կողմից իր մարդացած որդու միջոցով ներշնչած հույսի և վստահության մասին, որը հավատացյալին ամուր է պահում իր հավատքին:
Հավարտ Ս. Պատարագի Թեմակալ առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը վառեց կենսատու մոմը, որը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը, ով Աստծու Որդին էր և առաջնորդեց մարդկանց դեպի ճշմարիտ Լույսը: Հիսուս Քրիստոսին խորհրդանշող լույսը բաշխվեց ներկա հավատացյալներին: Նրանք եկեղեցում վառված ճրագներով իրենց հետ տարան Սուրբ Ծննդյան ավետիսը և աստվածային լույսը:
Սբ. Պատարագի արարողությունից հետո հոգևորականների թափորը շարժվեց դեպի թեմակալ առաջնորդի նստավայր, որտեղ կատարվեց տնօրհնեքի կարգ:
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հինգ տաղավար տոներից երկուսի՝ Սուրբ Ծնունդին և Սուրբ Զատկին նախորդ օրերը կոչում է ճրագալոյց: «Ճրագալոյց» անունը ծագել է «ճրագ լուցանել» արտահայտությունից, որ նշանակում է ճրագ վառել, մոմ վառել: Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագները տանում են իրենց տները: Ըստ Հայոց Եկեղեցու՝ ավարտվում է Սբ. Ծննդյանը նախորդող մեկշաբաթյա պահոց շրջանը: Սուրբ ծննդյան տոնն սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո: