Материалы

Վիրահայոց թեմի եկեղեցիներում տարածվեց Սուրբ Ծննդյան ավետիսը

2023 թվականի հունվարի 6-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդի և Աստվածահայտնության տոնը: Առաջին տաղավար տոնը Սուրբ և Անմահ Պատարագով նշվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, աշխարհասփյուռ հայության Սուրբ տաճարներում, ընդորում Վիրահայոց Թեմի եկեղեցիներում:

Վաղ առավոտից հավատացյալները ընտանիքներով, տոնական բարձր տրամադրությամբ շտապում էին Հայոց Եկեղեցի՝ ներկա գտնվելու Սուրբ Ծննդյան տոնական Պատարագին:

Տոնական տրամադրություն էր տիրում հավատացյալներով հոծ Թբիլիսիի Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիներում: Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Վիրահայոց Թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը:

Վիրահայ հավատացյալների Սրբազան տոնը շնորհավորելու էին եկել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Ամբատյանը տիկնոջ հետ, Վրաստանի  Կրոնի գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն,  դեսպանության դիվանագետներ,  հասարակական գործիչներ, համայնքային կառույցների ղեկավարներ, հավատացյալներ:

Հընթացս Սբ. Պատարագի Վիրահայոց Թեմի առաջնորդն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ: Եկեղեցում տարածվեց Մանուկ Հիսուսի ծննդյան և Աստվածահայտնության ավետիսը:

Հավարտ  Սբ.Պատարագի Վիրահայոց Թեմի առաջնորդը ներկաներին շնորհավորեց ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ և շնորհակալության խոսքեր ուղղեց պաշտոնական անձանց:  Հայր Սուրբը  արժևորեց նույն կրոնի և մշակույթի կրող հավատակից ժողովուրդների հազարամյա եղբայրական հարաբերությունները, հայ և վրաց եկեղեցիների բարեկամությունը:  Պատարագիչ հգշ. Տեր Կիրակոս վարդապետը Վրաց Ուղղափառ Եկեղեցուն շնորհավորեց Ամանորը և գալիք Սուրբ Ծննդյան տոնը:

20230106

Սբ. Պատարագի վերջում հգշ. Տեր Կիրակոս վարդապետի հանդիսապետությամբ կատարվեց Ջրօրհնեքի արարողություն և Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու Խաչի կնքահայր դարձավ արժանավոր հայորդի Արմեն Խաչատուրյանը, իսկ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու խաչի կնքահայր՝ Արմեն Պետրոսյանը :

Վրաստանի հայ հավատացյալներին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով շնորհավորել էին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդը,Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ  Իրակլի Ղարիբաշվիլին, Վրաստանի իրավահավասարության և վերաինտեգրման հարցերով պետական նախարար Թեա Ախվլեդիանին,  քաղաքապետ Կախի Կալաձեն:

Սուրբ Ծննդյան տոնը հավուր պատշաճի նշվեց նաև Վիրահայոց թեմի Բաթումի Սուրբ Փրկիչ, Ախալքալաքի Սուրբ խաչ, Ախալցիխեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս, Ասպինձայի, Ծալկայի, Թեթրիծղարոյի, Բորժոմի, Մառնեուլիի հայոց եկեղեցիներում: Տոնական տրամադրությամբ և սուրբ մյուռոնով օրհնված ջրով ներկաները վերադարձան իրենց տները:

Վիրահայոց թեմում Սուրբծննդյան տոնակատարությունը լուսաբանվեց վրացական տարբեր լրատվամիջոցներով:

 Վաղը՝ հունվարի 7-ին եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ Հիշատակ մեռելոց:

32409451

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են