Սուրբ Սարգսի տոնը Թբիլիսիում
Վիրահայոց թեմում միշտ էլ մեծ ոգևորությամբ և սիրով է նշվում Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինակիցների հիշատակության օրը: Տոնը շարժական է, այս տարի այն նշվեց փետրվարի 4-ին, իսկ օրվա հետ կապված ակնկալիքներն ու ոգևորությունը նկատելի էր արդեն նախատոնակի ժամանակ: Սբ Սարգսի տոնը բացառիկ եկեղեցական տոներից է, որը տասնյակ հազարավոր հայ և այլազգի երիտասարդների համախմբում է հայոց եկեղեցու շուրջ: Այդպես էր նաև այս տարի:
Թբիլիսիում տոնակատարությունը սկսվեց տոնի նախօրեին՝ խաչերթով: 2023 թվականի փետրվարի 3-ին, Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում հավաքված ուխտավորների բազմամարդ թափորը, հոգևոր ծառայողներ արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանի և արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանի առաջնորդությամբ, սարկավագաց դասի ուղեկցությամբ, Սուրբ Սարգսի սրբապատկերով և խաչվառներով, ուղղվեց դեպի Խարփուխ թաղամասում գտնվող Սրբի անունը կրող 1883 թվականին կառուցված Սուրբ Սարգիս մատուռը: Ուխտավորները ճանապարհին կա՛նգ առան և աղոթք արեցին Հավլաբարի կենտրոնում կանգուն մնացած Շամխորեցոց Կարմիր Ավետարան հինավուրց եկեղեցու փլատակների մոտ:
Խաչերթի բոլոր մասնակիցները, որոնց թիվը մի քանի հարյուրի էր հասնում, կարողացան հերթով մտնել, մոմ վառել ու աղոթք անել գողտրիկ և զորավոր մատուռում: Իրենց ուխտը կատարելուց հետո ուխտավորները հասան Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի և միացան այնտեղ գտնվող հարյուրավոր հավատացյալներին:
Բազմամարդ էր Սուրբ Գևորգ եկեղեցին և բակը: Նախատոնակ երեկոյան ժամերգությունը կատարվեց Թբիլիսիի հայոց եկեղեցիների հոգևորականաց և սարկավագաց դասի մասնակցությամբ:
Սուրբ Սարգսի տոնը ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորություններով, որոնցից ավանդական են աղի բլիթը, երազը, փոխինդը և խաշիլը:
Նախատոնակի արարողության վերջում, Սուրբ Գևորգ եկեղեցու բակում հավաքված երիտասարդները ստացան աղի բլիթներ, որոնց հետ կապում են իրենց երազանքների իրականացումը:
Փետրվարի 4-ին, տոնի օրը, Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Վիրահայոց թեմի ք. Ռուսթավիի «Սբ.Գրիգոր Նարեկացի» հոգևոր և կրթամշակությային կենտրոնի հոգևոր հովիվ արժ. Տեր Հովսեփ քահանա Հարությունյանը:
Հընթացս Սբ. Պատարագի իր քարոզում պատարագիչ-քահանան փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի օրհնությունը, խոսեց օրվա խորհրդի, Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդու և զինակիցների՝ հանուն քրիստոնեության նահատակության մասին: Արժ. Տեր Հովսեփը անդրադարձ կատարեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ Հայրապետի բարձր տնօրինությամբ Սբ. Սարգիս զորավարի տոնը Երիտասարդների օրհնության օր հռչակելուն, կատարեց երիտասարդության օրհնության կարգ և մաղթեց նրանց նպատակների իրականացում:
Վիրահայոց թեմի առաջնորդարանն իր գնահատանքն է բերում Թբիլիսիի տրանսպորտային ծառայության ճանապարհային անվտանգության դեպարտամենտին՝ ուխտագնացության ժամանակ խաղերթի մասնակիցների անվտանգությունը ուղեկից պահակախմբով ապահովելու համար:
Սուրբ Սարգսի տոնը ուխտագնացություններով և Սուրբ Պատարագներով նշվեց Վիրահայոց թեմի նաև մյուս եկեղեցիներում: