Թբիլիսիում իրականացվեց հարիսայի փառատոն
Թբիլիսահայության շրջանում ավանդական «Հարիսայի փառատոնը», որը նշվում էր Բուն Բարեկենդանի տոնին, այս տարի իրականացվեց մեկ շաբաթ շուտ՝ 2023 թվականի փետրվարի 12-ին:
Վիրահայոց թեմի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, կիրակնօրյա Սուրբ Պատարագից հետո, որը Վիրահայոց թեմի առաջնորդի հանդիսապետությամբ և հյուրընկալվող վարդապետների ներկայությամբ մատուցեց արժ. Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը, ՝ հավատացյալները տեղափոխվեցին «Հայարտուն» կենտրոն՝ մասնակցելու «Հարիսա-2023» փառատոնին: Այն Վիրահայոց թեմի աջակցությամբ կազմակերպել էին Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը, «Սուրբ Գևորգ» եկեղեցասեր կանանց միավորումը և թեմի «Հայարտուն» կենտրոնը:
Հարիսայի փառատոնը, որն արդեն մեկ տասնամյակից ավելի պատմություն ունի, տարեցտարի ընդարձակվելով՝ վեր է ածվել ժողովրդական տոնահանդեսի, երբ տեղի է ունենում թբիլիսահայ կանանց հյուրասիրությունը ներկաներին ազգային այս ճաշատեսակով:
Փառատոնին մասնակցում էին Թբիլիսիի հայ համայնքի գրեթե բոլոր կառույցները. թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահի երկայնքով սեղանների վրա շարվել էին շուրջ երեսուն յուղալի հարիսայով կաթսաներ: Դրանք պատրաստել էին Սուրբ Գևորգ եկեղեցու եկեղեցասեր կանայք, «Անի» պարային համույթը, «Հայարտուն» կենտրոնի «Սբ. Ներսես Շնորհալի» երգչախումբը, «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնը, Վրաստանի հայ համայնքը, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության անդամները, բազում կամավոր հավատացյալներ:
Միջոցառմանը իրենց օրհնաբեր ներկայությունն էին բերել Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը, Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հգշ. Տեր Նշան վրդ. Հմայակյանը, Քվեմո Քարթլիի հայոց եկեղեցիների հոգևոր հովիվ հգշ. Տեր Զավեն վրդ. Յազիչյանը, պատվավոր հյուրեր էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները:
Լեփ-լեցուն էր դահլիճը: Իրար կողքի շարված կաթսաները գեղեցկացնում էին հայ տիկնայք՝ օրվան համարժեք իրենց տեսքով: Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին ավանդույթի ուժ ստացած հարիսայի փառատոնը այս տարի վերստին կյանքի կոչելու համար:
Վիրահայոց թեմի առաջնորդը բարձր գնահատեց կանանց և համայնքային կառույցների մասնակցությունը հարիսայի փառատոնին, արժևորեց հայ մշակույթի մաս կազմող հայկական ավանդական կերակրատեսակները պահպանելու և սերունդներին փոխանցելու վիրահայության շրջանում ամրագրված ավանդույթը: Թեմակալ առաջնորդը հարիսայի կաթսաները օրհնելուց հետո ներկաներին հրավիրեց հյուրասիրվելու համեղ ճաշատեսակից:
Ու հնչեց ուրախ երգն ու երաժշտությունը «Հայարտուն» կենտրոնում: Ու սկսվեց հարիսայի համտեսն ու հյուրասիրությունը: Մինչև ուշ՝ անուշաբույր հարիսայի պարգևած ուրախ տրամադրությունը թևածում էր «Հայարտուն» կենտրոնում: Շուրջ յոթ հարյուր մարդ օգտվեց այս կերակրատեսակից, օրհնված հարիսա փոխանցվեց նաև հիվանդներին և տարեցներին, ովքեր ի վիճակի չէին ներկա գտնվել տոնահանդեսին:
Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը շնորհակալություն է հայտնում Վիրահայոց թեմի առաջնորդարանին, Թեմի «Հայարտուն» կենտրոնին, Սուրբ Գևորգ եկեղեցուեկեղեցասեր կանանց, առաջնորդանիստ եկեղեցու խաչի քավոր Արմեն Խաչատրյանին և «Սուրբ Էջմիածին» եկեղեցու խաչի քավոր Արմեն Պետրոսյանին, երկու եկեղեցիների հոգևոր հայրեր արժ. Տեր Վիրապ քահանա Ղազարյանին և արժ. Տեր Սամվել քահանա Թորոսյանին, Թբիլիսիի «Արմենիա» խանութի տնօրեն Էդուարդ Մուրադյանին, մյուս բարերարներին, հարիսայի փառատոնի իրականացմանը ցուցաբերած աջակցության համար: