Материалы

Տեառնընդառաջի տոնը Վիրահայոց թեմում

Տեառնընդառաջի Տերունի տոնը անշարժ  է, այն ամեն տարի նշվում է փետրվարի 14-ին: Տեառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հռչակվել է նորապսակների օրհնության օր: Աստվածահաճո արարողությանը ներկա գտնվելու և Բարձրյալի օրհնությանը արժանանալու փափագով եկեղեցի են գալիս  այն ամուսնական զույգերը, որոնք պսակադրվել են անցած մեկ տարվա ընթացքում:

Վիրահայոց թեմի եկեղեցիներում տոնը սկսվեց փետրվարի 13-ին՝ նախատոնակով և ընթացավ եկեղեցական արարողություններով ու ժողովրդական ուրախ հանդեսով: 

Թբիլիսիի  Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Տեառնընդառաջի նախատոնակ-ժամերգությունը կատարվեց Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի հանդիսապետությամբ և Քվեմո Քարթլիի հայոց եկեղեցիների հոգևոր հովիվ հգշ. Տեր Զավեն վրդ. Յազիչյանի մասնակցությամբ: Չնայած ցրտաշունչ եղանակին, ամենուրեք եկեղեցիները բազմամարդ էին: Քաղաքի Մեյդան և Հավլաբար թաղամասերում  հոգևոր արարողությանը ներկա  հասարակության շրջանում գերակշռում էին երիտասարդները:

Մեղմանուշ շարականների ուղեկցությամբ հավատացյալներն ունկնդրեցին Մարիամ Աստվածածնի՝ 40-օրական Հիսուսին տաճարին ընծայելու տոնի խորհուրդը: Երեկոյան ժամերգությունից հետո Թեմակալ առաջնորդի գլխավորությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց Անդաստանի արարողություն, օրհնվեցին աշխարհի չորս կողմերը: Այնուհետև վառվեցին մոմերը, իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

330980760 693487792509453 8404953689902464001 N

Եկեղեցիների բակերում վառվեց Տեառընդառաջի ավանդական խարույկը: Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Տեառնընդառաջի խարույկը  վառեց թեմակալ առաջնորդն ու ծայր առավ տոնահանդեսը,  որի հանձնակատարն էր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը (ղեկավար՝ Եվգենյա Մարկոսյան): Իսկ Հավլաբարի Սուրբ Էջմիածնում  արժ. Տեր Սամվել քահանա Թորոսյանի ձեռամբ վառված խարույկի վրայով երիտասարդների թռչելուց հետո ասպարեզը տրամադրվեց «Ջեյրան» պարային համույթին (ղեկավար՝ Սվետլանա Երիցյան): Վիրահայոց թեմի գրեթե բոլոր հայաբնակ շրջաններում գործող եկեղեցիների  բակերից  տարածվեցին հայրենասիրական և ազգագրական երգեր, դհոլի ու դուդուկի խմբերի կատարմամբ մեղմանուշ մեղեդիներ ու միասնության շուրջպարեր, որոնց միանում էր ոգեշնչված հասարակությունը:

 Քաղաքի  թաղամասերում գտնվող Հայոց Եկեղեցիներում ուրախ երգն ու պարն ավարտվեց գեղեցիկ հրավառությամբ: Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիների հոգևոր սպասավորների նախաձեռնությամբ և խաչքավորներ Արմեն  Խաչատրյանի և Արմեն Պետրոսյանի աջակցությամբ կազմակերպվեց  հյուրասիրություն:

Ժողովրդի կողմից սիրված տոնը նախատոնակով, նորապսակների օրհնությամբ և խարույկի շուրջ ուրախ երգ ու պարի ուղեկցությամբ ընթացավ Բաթումիի Սուրբ փրկիչ, Ախալքալաքի Սուրբ խաչ, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս, Ախալցիխեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում և հարակից գյուղերի Աստծու տներում:  

Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում փետրվարի 14-ին  մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ:

Img

330914433 1695406930903252 572305837721769132 N

330989672 587499772914296 5440257853880814067 N

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են