Материалы

Միջինքի ուրախ տրամադրությունը Վիրահայոց թեմի եկեղեցիներում

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով Մեծ Պահքի շրջան է: 2023 թվականի մարտի 15-ին լրացավ Պահքի 24-րդ օրը: Պահքը  կիսվեց: Հայոց եկեղեցիներում այն նշում են տոնականորեն և անվանում՝ Միջինք: Վիրահայոց թեմում, հոգևոր հովիվների գլխավորությամբ հավուր պատշաճի էին պատրաստվել Միջինքին:

Թբիլիսիի տարբեր թաղամասերում գտնվող Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում մեծ բազմություն էր հավաքվել: Երեկոյան կատարվեց «Հանգստյան» ժամերգություն: Հոգևոր հայրերի կողմից ներկաներին փոխանցվեց  Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի օրհնությունը և անդրադարձ կատարվեց   օրվա խորհրդին՝ հավատացյալներին մաղթելով  սիրով և հավատքով անցնել Պահքի նաև երկրորդ կեսը:

Եկեղեցական այս տոնը ուղեկցվում է ժողովրդական մի շարք սովորություններով ու ավանդություններով: Վիրահայության շրջանում Միջինքը նշվում է նաև բաղարջով կամ գաթայով: Խորանի առջև շարվեցին այդ օրվա համար հատուկ թխած պասոց տարատեսակ գաթաները, որոնք  օրհնվեցին  և բաժանվեցին  ժողովրդին: ժողովրդական տոնի  պատշաճ իրականացմանն իրենց ներդրումն էին ունեցել եկեղեցիների խաչի քավորները: Ներկաներից ոմանց համար հաճելի անակնկալ դարձան խաչքավորների կողմից պատրաստված և գաթայի մեջ «թաքնված» նվերները՝ օրհնված խաչերը, որը նշանակում էր՝ ում այն բաժին ընկնի, նրա համար տարին կլինի առավել օրհնաբեր:

Ներկաները  հյուրասիրվեցին օրհնված գաթայով, ուրախացան իրենց ընկած նվերներով, և  հավատքով ու աղոթքով գոտեպնդված պատրաստվեցին շարունակելու ուխտը Պահքի երկրորդ կեսով՝  դեպի  Հրաշափառ Հարության  տոնը:

Միջինքի օրը առանձնահատուկ շքեղությամբ և գաթայի փառատոնով նշվեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի Սուրբ Խաչ, Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Նինոծմինդայի Սբ. Սարգիս եկեղեցիներում և հարակից գյուղերում, Բաթումի «Սուրբ փրկիչ» եկեղեցում, Ծալկայի և Ասպինձայի շրջանների գյուղերում, Քվեմո Քարթլիի տարածաշրջանի հայոց եկեղեցիներում, իսկ Ռուսթավի քաղաքի Սբ. «Գրիգոր Նարեկացի» հոգևոր, կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում գաթայի փառատոնով միջինքը կնշանավորվի կիրակնօրյա  Սուրբ Պատարագից հետո:

Եկեղեցիների հոգևոր դասը երախտագիտություն է հայտնում տարվա խաչքավորներին «Միջինքի» նշանավորմանը ցուցաբերած օժանդակության համար:

33585287

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են