Թբիլիսիի հայոց եկեղեցիներում նշվեց Ծաղկազարդի տոնը
2023 թվականի ապրիլի 2-ին, Սուրբ Հարությանը նախորդող կիրակի օրը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:
Առավոտից մարդաշատ էին Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին Եկեղեցիների բակը և շուրջբոլորը: Հավատացյալները բարձր տրամադրությամբ գալիս էին մասնակիցը դառնալու Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքի ուրախությանը: Առաջնորդանիստ եկեղեցում Սբ. Պատարագին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, դեսպանության դիվանագետներ:
Հավատացյալներով լեցուն Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Սուրբ Էջմիածին եկեղեցիներում առավոտյան ժամերգությունից հետո մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, տոնականորեն բացված վարագույրով՝ Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, Սբ. Պատարագ մատուցեց արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը, իսկ Սուրբ Էջմիածին եկեղեցում պատարագիչն էր արժանապատիվ Տեր Հովսեփ քահանա Հարությունյանը:
Երկու եկեղեցիներում հընթացս Սբ.Պատարագի հավուր պատշաճի քարոզ խոսվեց Ծաղկազարդի խորհրդի ու տոնի հոգևոր պատգամի մասին:
Ծաղկազարդի տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է մանուկների օրհնության օր: Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ Դավթյանը իր օրհնությունը բաշխելով ներկաներին, խոսեց Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի մի քանի դրվագների մասին:
Այնուհետև Հայր Սուրբի գլխավորությամբ կատարվեց մանուկների և ձիթենու և ուռենու ոստերի օրհնության կարգ: Օրհնված ոստերը հավատացյալները տարան իրենց հետ:
Տոնը Վիրահայոց թեմի Բաթումիի Սուրբ փրկիչ, Սամցխե-Ջավախքի, Քվեմո Քարթլիի հայոց եկեղեցիներում նշանավորվեց Սուրբ և Անմահ Պատարագներով և մանուկների օրհնության կարգով:
Օրվա ընթացքում չէր դադարում մարդկանց հոսքը Հայոց Եկեղեցի: Հոգևոր հայրերի կողմից օրհնվում էին ուռենու ոստերը ու բաժանվում ժողովրդին, քանզի ոստեր և ճյուղեր ընծայելը խորհրդանշում է առանձնակի պատիվներ և հանդիսավորություն: