Զատկական հյուրասիրություն նախակրթարանում
2023 թվականի ապրիլի 11-ը, հիրավի դարձավ երջանկաբեր Վիրահայոց թեմի «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանի սաների համար:
Դասասենյակում թևածում էր Սուրբ Քրիստոսի Հարության տոնական տրամադրությունը: Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու խաչի քավոր Արմեն Պետրոսյանը գեղեցիկ նվերներով եկել էր շնորհավորելու մանուկների Սուրբ Զատիկը: Տարբեր քաղցրավենիքներով, համեղ հյութերով ու գույնզգույն հավկիթներով զարդարված սեղանների շուրջ նստած փոքրիկները գիտեին, որ պետք է ասեն Տերունական աղոթքը, օրհնվեն սեղանները և հետո սկսեն ձվախաղը միմյանհց հետ:
Հգշ. Տեր Զավեն վարդապետ Յազիչյանը և արժ. Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը օրհնեցին զատկական նվերները: Հայր Սուրբը գնահատանքի խոսքեր ուղղեց կնքահայր Արմեն Պետրոսյանին՝ եկեղեցու կողքին կանգնելու, գեղեցիկ անակնկալներով եկեղեցու հավատացյալներին ուրախացնելու, երեխաների համար զատկական հյուրասիրություն կազմակերպելու համար: Գնահատեց նաև «Հայարտան» ղեկավար Եվգենյա Մարկոսյանի նվիրումը՝ նախակրթարանի սաներին հայոց Եկեղեցու նկատմամբ սիրո ու հարգանքի ոգով դաստիարակելու գործին:
Ուրախ տրամադրությունը, մանկական երջանկությունը համակեց բոլորին: Իրավամբ, հետաքրքիր ու ակնածանքով հագեցած օրը դարձավ անմոռաց նախակրթարանի թե՛ փոքրերի և թե՛ մեծերի համար: