Հովհաննես Համբարձումյանի հեղինակային համերգը՝ նվիրված Սբ. Հարության տոնին
2023 թվականի ապրիլի 12-ին, Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի ամերգային Մեծ դահլիճում կայացավ շնորհաշատ երգահան և դիրիժոր Հովհաննես Համբարձումյանի հեղինակային երեկոն: Համերգը նվիրված էր Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնին: Հեղինակային համերգի հովանավորը և կազմակերպիչն էր Վիրահայոց թեմը:
Համերգի խորհուրդը հոգևոր թեման էր՝ արտացոլված բազմաթիվ փառատոների և մրցույթների մասնակից, տարբեր մրցանակների դափնեկիր Հովհաննես Համբարձումյանի ստեղծագործություններում: Համերգին իրենց փայլուն կատարումներով մասնակցեցին տաղանդավոր և ճանաչված դաշնակահար Մամիկոն Նահապետյանը, բազում փառատոների և մրցույթների դափնեկիր Նատալյա Բոեվան (մեցցո-սոպրանո) և կլարնետահար, Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի ասիստենտ-պրոֆեսոր Դիմիտրի Բոքոլիշվիլին:
Համերգին իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը, ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, տարբեր երկրների դիվանագետներ, պետական կոնսերվատորիայի ղեկավարներ, դասական երաժշտության մասնագետներ, հասարակայնության ներկայացուցիչներ:
Հիանալի կատարումներով միմյանց հաջորդեցին երաժիշտ Համբարձումյանի 10 ստեղծագործություն, ընդորում նաև իր ծնողների հիշատակին նվիրված Թումանյանի բանաստեղծության տողերով գործը, որը հնչեց Նատալյա Բոեվայի կատարմամբ:
Գեղարվեստական բարձր մակարդակով և յուրահատուկ մեղեդայնությամբ հնչող համերգի տպավորության ներքո հանդիսատեսը երկար ժամանակ հոտընկայս ծափահարում էր կատարողներին, իր գնահատականը արտահայտելով ջերմ օվացիայով:
Վերջում Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը գնահատանքի խոսքեր ուղղեց Թբիլիսիի կոնսերվատորիայի շրջանավարտներին համերգը բարձր մակարդակով ներկայացնելու և հիասքանչ տրամադրություն ստեղծելու համար, և ճանաչված երաժիշտներ Հովհաննես Համբարձումյանին ու Մամիկոն Նահապետյանին փոխանցեց դեսպանության պատվոգրեր: