Материалы

Ջահերով երթ՝ Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակաց հիշատակին

2023 թվականի ապրիլի 23-ի երեկոյան, Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ, Թբիլիսիում «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվեց ջահերով երթ:

Ժողովրդի բազմամարդ թափորը՝ Հայոց եռագույնը խորհրդանշող  ջահերով, դրոշներով  և  պաստառներով,  մայրաքաղաքի մետրոպոլիտենի «Իսանի» կայարանից շարժվեց դեպի Հավլաբարի  «Սուրբ Էջմիածին» եկեղեցի՝ ի լուր դարձնելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի անմահ հիշատակի 108-րդ  տարելիցը, նաև հայի սրտում անշրջելի դարձած Սուրբ նահատակների լույս հոգիները:

Քայլերթի մասնակիցներին Հավլաբարի Սուրբ Էջմիածին  եկեղեցու բակում դիմավորեց Վիրահայոց թեմի Քվեմո Քարթլիի տարածաշրջանի հայոց եկեղեցիների հոգևոր հովիվ հգշ. Տեր Զավեն վրդ. Յազիչյանը՝ հոգևոր դասի հետ միասին: 

Դիմելով թափորի մասնակիցներին՝Հայր Սուրբը  անդրադարձ կատարեց ցեղասպանության արհավիրքին, ընդգծելով, որ ազգիս պատվիրանն է, առանց ատելության և մարտահրավերների, ոգեկոչման արարողություններով հայցել Սուրբ նահատակների բարեխոսությունն առ Աստված՝ նման ոճրագործությունները կանխելու և  աշխարհում խաղաղությունը  անսասան պահելու համար:

Ներկաները  ծաղիկներ խոնարհեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին  կանգնեցված խաչքարի պատվանդանին ու եկեղեցում  վառեցին հիշատակի մոմեր:

34299272

34284

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են