Ոգեկոչման արարողություն Թբիլիսիի Հայոց եկեղեցիներում
2023 թվականի ապրիլի 24-ին, մարդկանց հոսքը Թբիլիսիի հայոց եկեղեցիներ սկսվեց դեռևս վաղ առավոտյան: Միանալով աշխարհասփյուռ հայությանը, թեմի եկեղեցիներում տարածվեցին շարականներ, իսկ ժամը 12-ին հնչեցին զանգերի ղողանջները, ոգեկոչելով 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի Սրբադասված մեկուկես միլիոն նահատակների հիշատակը, որոնք դարձան հայ ժողովրդի պահապանները երկնքում:
Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում՝ Թեմակալ առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, կատարվեց հավատքի և հայրենիքի համար զոհված Սուրբ նահատակների ոգեկոչման կարգ՝ հայցելով Սուրբերի բարեխոսությունը՝ ամենուրեք ցեղասպանության նկրտումները կանխելու և աշխարհում խաղաղությունը պահպանելու համար:
Թեմակալ առաջնորդն իր խոսքում արձանագրեց այն նահատակների հիշատակը, որոնց հանցանքը միայն հայ լինելն էր, որոնց դեմ Օսմանյան կայսրությունը սանձազերծեց կոտորածներ ու տեղահանություն իրենց պապենական քաղաքներից ու գյուղերից, որոնք այլևս Սուրբ են, խաղաղության պահպանման և նման ոճրագործությունները կանխելու բարեխոսության լույս հոգիներ:
Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Հայոց Ցեղասպանության Սրբադասված նահատակների ոգեկոչման արարողությանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, դեսպանության դիվանագետներ, հայ հասարակական գործիչներ, մտավորականներ, համայնքային կառույցների ղեկավարներ, թբիլիսաբնակ և շրջաններից ժամանած հայեր:
Զանգերի ղողանջը տարածվեց նաև Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, որտեղ ոգեկոչման արարողությունը կատարվեց եկեղեցու բակում կանգնեցված Հայոց ցեղասպանության խաչքարի մոտ: Հգշ. Տեր Զավեն վրդ. Յազիչյանի հանդիսապետությամբ, հոգևոր դասի կողմից շարականների երգեցողության ներքո ներկաները ծաղիկներ խոնարհեցին Հայոց Ցեղասպանության հիշատակի խաչքարի պատվանդանին: Փրկվածների և Վրաստանում ապաստանածների սերունդներից յուրաքանչյուրի հոգում մտովի արթնացավ երկնքում իրենց Սուրբ նախնիների հիշատակը պահելու պատվիրանը:
Հուզախառն տրամադրությամբ ներկաները մոմեր վառեցին Ցեղասպանության սրբադասված նահատակների հոգու խաղաղության համար: