Материалы

«Երբ երգում է հոգիս» դասական երաժշտության համերգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների

2023 թվականի ապրիլի 22-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում  կայացավ դասական երաժշտության համերգ՝ «Երբ երգում է հոգիս» խորագրով:

Համերգը   Հայաստանի Հանրապետության շնորհաշատ երաժիշտներ Շուշան Մովսիսյանի (սոպրանո) և ծննդով թբիլիսեցի Իլոնա Համբարձումյանի  (դաշնամուր) անդրանիկ ելութն էր Թբիլիսիում, թեև Եվրոպայի երկրներում և  Ռուսաստանի Դաշնության այլևայլ քաղաքներում  այդ երկյակը հանդես է եկել  տարբեր համերգներով:

«Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանի կողմից մասնակիցներին ներկայացնելուց հետո, դահլիճում  տարածվեցին  դասական երաժշտության հիասքանչ   կատարումները: Համերգը դարձավ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի  խորհրդավոր անդրադարձ՝ հիշեցնելով, որ  ոճրագործությունը դատապարտելի է, մեկուկես միլիոն հայորդիների նահատակությունը՝  անմոռանալի: 

«Երբ երգում է հոգիս» համերգը   վիրահայ համայնքում Հայոց ցեղասպանության  ոգեկոչման արարողությանը նախորդող միջոցառում էր, որը նվիրված էր Սուրբ նահատակների  բարեխոսության աղոթքին առ Աստված՝ հայրենիքն ու աշխարհը նման ոճրագործություններից, ցեղասպանության արհավիրքից  փրկելու խորհրդով:

3429114

Համերգի վերջում օրհնության խոսքով հանդես եկավ արժ. Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը: Վերջինս փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի  բարեմաղթանքները և արժևորեց մասնագիտական փայլուն  կրթությամբ  և արտասահմանյան երկրներում ապրած ու աշխատած երաժիշների  բովանդակալից  երգացանկը,  որը ներառում էր ընտանիքին  նվիրված, աշխարհաշեն աշխատանքով,  սիրո երազանքներով ապրող հայի դաժան ճակատագիրը,  տեղահանության  ու  գաղթի ճանապարհը բռնած մեկուկես միլիոն մոր ու մանկան, ահելի ու ջահելի ողբերգությունը:  Ազգ, որի հանցանքը  թուրքական յաթաղանի առջև,  միայն հայ լինելն էր:  Իսկ բարեգութ փրկության  եզրին հասածների մոտ  ապրելու  հույսը   հավատքին հավատարմությունն էր և  կորցրած հայրենիքի նկատմամբ կարոտը՝  կռունկի միջոցով հայրենիքից «խաբրիկ» ստանալու ակնկալիքը:

Հոտընկայս հանդիսատեսը յուրաքանչյուր  կատարված երգն  ընդունում էր բուռն ծափահարություններով և բարձր օվացիայով: Ցեղասպանությունից փրկված հայերի երախտիքի արտահայտություն դարձավ  Ռևազ Լաղիձեի  «Թբիլիսո» երգի վրացերեն կատարումը:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են