Материалы

ՎՐԱՑ ՊՈԵԶԻԱՅԻ ՕՐ «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈԻՆ» ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

2023թ-ի ապրիլի 21-ին, Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում, Թբիլիսիի թիվ 104 հանրային հայոց դպրոցի սաները  (տնօրեն`Իրինա Ժամկոչյան) հանդես եկան «Վրաց պոեզիայի օր Հովհաննես Թումանյանի տանը» գողտրիկ միջոցառումով:

Վրաց նշանավոր բանաստեղծ Գալաքտիոն Տաբիձեի ծննդյան 130-ամյա հոբելյանի կապակցությամբ,  դպրոցի 2-10-րդ դասարանի աշակերտները, անսխալ  և  ճիշտ շեշտադրությամբ, երեք լեզուներով` հայերեն, վրացերեն և ռուսերեն, արտասանեցին վրաց բանաստեղծի հայտնի և անհայտ գործերը, պատմեցին դրվագներ նրա բարդ ու դժվարին կյանքից՝ ցույց տալով սիրված ու ճանաչված վրաց բանաստեղծի զգայուն հոգին, ըմբոստ և անկոտրում կամքը:

Վրացերենից հայերեն և ռուսերեն թարգմանված Գալաքտիոն Տաբիձեի ստեղծագործությունները հնչեցին Հովհ. Կարայանի , Մարտին Քարամյանի, Պ.Սևակի և Բելլա Ախմադուլինայի թարգմանությամբ:

Նշենք, որ վրաց պոեզիայի գոհարներին նվիրված այդ գեղեցիկ միջոցառման մտահղացման հեղինակն էր թիվ 104 դպրոցի գրադարանավարուհի Հասմիկ Անտոնյանը, օժանդակել էր վրացերենի ուսուցչուհի Լիա Նացվլիշվիլին:

Ցերեկույթին Զաքարիա Փալիաշվիլու «Դաիսի» օպերայից գեղեցիկ պարի կատարմամբ հանդես եկան «Վանք» պարային համույթի սաները (պարուսույց`Լիանա Կաշավանիձե):

Միջոցառման ավարտին՝ Վիրահայոց թեմի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր ծառայող և  «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի տեսուչ արժ. Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանն իր օրհնության խոսքում փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի հայրական օրհնությունը, բարձր գնահատեց  թիվ 104 դպրոցի ուսուցիչների և ծնողների գործունեությունը երկու ժողովուրդների՝ հայերի և վրացիների բարեկամությունը զարգացնելու գործում՝ սեր և հետաքրքրություն   սերմանելով  հայ և վրաց գրականությունը ուսումնասիրելու,  դասականների ստեղծագործությունները ճանաչելու և սերտելու մեջ: Արժ. քահանան հորդորեց բարձր պահել հայ լինելու հպարտությունը, սովորել և տիրապետել տարբեր լեզուներ,  սիրել երկու հայրենիքները՝ Վրաստանը և Հայաստանը:

Photo 2023 04 27 16 28 13

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2023 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են