Материалы

Թբիլիսիում մեկնարկեց կարմիր վարդերով շաղախված սայաթնովյան «Վարդատոնը»

Ավանդույթի համաձայն,  մայիս ամսվա վերջին կիրակի օրը, Թբիլիսիի Մեյդան թաղամասում վերստին  թևածում էր Սայաթ-Նովա անզուգական երգիչ-բանաստեղծի երգն ու երաժշտությունը՝ տոնական տրամադրություն ստեղծելով  Վրաստանի մայրաքաղաքի բազմազգ ու բազմակրոն բնակչության մոտ:

2023 թվականի մայիսի 28-ը  տոնական միջոցառումներով հագեցած օր դարձավ  հատկապես   Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի բազմազգ բնակչության համար՝ պահպանելով հարյուրամյա ավանդույթները, հմայքն ու գեղեցկությունը, մեծարելով անմահ աշուղ Սայաթ-Նովայի երգարվեստում տեղ  գտած սիրո, բարեկամության, խոհական և փիլիսոփայական տաղերն ու  վարդի գեղեցկության  գովաբանությունը:

Սայաթնովյան  «Վարդատոնը» Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ և  «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի նախաձեռնությամբ՝  մեկնարկեց  Ամաղլեբա փողոցի թիվ 18 տնից, ժողովրդական մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի նախկին բնակարանից: Այստեղ հավաքված թբիլիսաբնակները և ՀՀ տարբեր քաղաքներից ու Վրաստանի  հայաբնակ տարածաշրջաններից ժամանած հյուրերը՝      , «Վրաստան» թերթի խմբագիր  Վան Բայբուրթյանի, Վիրահայոց թեմի կենտրոնների աշխատակիցների և սովորողների, տարբեր  հասարակական կազմակերպությունների, թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչների կազմով՝ կարմիր վարդերով քայլարշավ կատարեցին դեպի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի, Թբիլիսիի բնակիչներին հիշեցնելով այս քաղաքի ծնունդ, ժողովուրդների բարեկամության մեծ երգիչ Սայաթ-Նովայի  հիշատակը:

Քայլարշավի մասնակիցները միացան  Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում  Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, ընթացող կիրակնօրյա  Սուրբ Պատարագին:

350137570 280959941193475 2304331777155984728 N

Հավարտ Սբ. Պատարագի՝ Եկեղեցու բակում  Սայաթ-Նովայի  շիրմաքարի մոտ, Վիրահայոց թեմի առաջնորդ  Հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի նախագահությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ, կատարվեց հոգեհանգստյան կարգ, որին  ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր  դեսպան  Աշոտ Սմբատյանը, դեսպանության դիվանագետներ,  թբիլիսաբնակ մտավորականներ,  կազմակերպությունների ղեկավարներ,  Սայաթ-Նովայի արվեստի սիրահարներ ու երկրպագուներ:  

 Թեմակալ  առաջնորդը իր խոսքում անդրադարձ կատարեց  օրվա խորհուրդներին  և հորդորեց  սրբությամբ  մոտենալ  այդ օրը  Հայոց Եկեղեցու օրացույցով նշվող  Հոգեգալստյան  տոնին,  Հայաստանի  Առաջին Հանրապետության անկախության հռչակման օրվան և  Սայաթ-Նովային նվիրված ավանդական «Վարդատոնին»:

Ներկաները վարդ ու ծաղիկներով, սեր ու ժպիտով զարդարեցին անմահ Սայաթ-Նովայի շիրիմը: Այնուհետև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի (տնօրեն՝ Եվգենյա Մարկոսյան, մշակույթի բաժնի  ղեկավար՝ Սուրեն Աբրամյան)   գեղարվեստական խմբերի («Սբ. Ներսես Շնորհալի» երգչախումբ՝ խմբավար Մարիա Աբուլյան, երաժիշտ՝ Կարեն Միրզոյան), դուդուկի և դհոլի  (ղեկավար՝ Իվանե Մկրտչյան և Արմեն Թորոսյան)   և անհատ կատարողեր Պապիկյան եղբայրների և Աիդա Բազոյանի ի  մասնակցությամբ  հնչեցին անմահ Սայաթ-Նովայի երգն ու երաժշտությունը: Համերգն ավարտվեց «Սարդարապատ» ոգեշունչ երգով:

Հիշեցնենք,  որ «Մեյդան» թաղամասում, Գորգասալի հրապարակում  այսօր  ժամը 17:00-ին  կկայանա համերգ՝տարածելով աշուղական երգը, խոսքն ու   երաժշտությունը, դառնալով  Սայաթ-Նովա երգասաց բանաստեղծի  նկատմամբ սիրո և նրա երգարվեստի անմահության դրսևորում:

«Վարդատոնը» հիմնադրվել է հայ գրականության դասական գրող Հովհաննես Թումանյանի, նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի և վրաց բանաստեղծ  Իոսիֆ Գրիշաշվիլու կողմից 1914 թ.-ին և այդ օրվանից ցայսօր տոնը Թբիլիսիում նշվում է մեծ շուքով։

350128714 568724218761394 3261962274287038306 N

350475092 1316624982266214 6820045441079541940 N

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2023 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են