Թբիլիսիում մեկնարկեց կարմիր վարդերով շաղախված սայաթնովյան «Վարդատոնը»
Ավանդույթի համաձայն, մայիս ամսվա վերջին կիրակի օրը, Թբիլիսիի Մեյդան թաղամասում վերստին թևածում էր Սայաթ-Նովա անզուգական երգիչ-բանաստեղծի երգն ու երաժշտությունը՝ տոնական տրամադրություն ստեղծելով Վրաստանի մայրաքաղաքի բազմազգ ու բազմակրոն բնակչության մոտ:
2023 թվականի մայիսի 28-ը տոնական միջոցառումներով հագեցած օր դարձավ հատկապես Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի բազմազգ բնակչության համար՝ պահպանելով հարյուրամյա ավանդույթները, հմայքն ու գեղեցկությունը, մեծարելով անմահ աշուղ Սայաթ-Նովայի երգարվեստում տեղ գտած սիրո, բարեկամության, խոհական և փիլիսոփայական տաղերն ու վարդի գեղեցկության գովաբանությունը:
Սայաթնովյան «Վարդատոնը» Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ և «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի նախաձեռնությամբ՝ մեկնարկեց Ամաղլեբա փողոցի թիվ 18 տնից, ժողովրդական մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի նախկին բնակարանից: Այստեղ հավաքված թբիլիսաբնակները և ՀՀ տարբեր քաղաքներից ու Վրաստանի հայաբնակ տարածաշրջաններից ժամանած հյուրերը՝ , «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանի, Վիրահայոց թեմի կենտրոնների աշխատակիցների և սովորողների, տարբեր հասարակական կազմակերպությունների, թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչների կազմով՝ կարմիր վարդերով քայլարշավ կատարեցին դեպի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի, Թբիլիսիի բնակիչներին հիշեցնելով այս քաղաքի ծնունդ, ժողովուրդների բարեկամության մեծ երգիչ Սայաթ-Նովայի հիշատակը:
Քայլարշավի մասնակիցները միացան Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, ընթացող կիրակնօրյա Սուրբ Պատարագին:
Հավարտ Սբ. Պատարագի՝ Եկեղեցու բակում Սայաթ-Նովայի շիրմաքարի մոտ, Վիրահայոց թեմի առաջնորդ Հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի նախագահությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ, կատարվեց հոգեհանգստյան կարգ, որին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, դեսպանության դիվանագետներ, թբիլիսաբնակ մտավորականներ, կազմակերպությունների ղեկավարներ, Սայաթ-Նովայի արվեստի սիրահարներ ու երկրպագուներ:
Թեմակալ առաջնորդը իր խոսքում անդրադարձ կատարեց օրվա խորհուրդներին և հորդորեց սրբությամբ մոտենալ այդ օրը Հայոց Եկեղեցու օրացույցով նշվող Հոգեգալստյան տոնին, Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման օրվան և Սայաթ-Նովային նվիրված ավանդական «Վարդատոնին»:
Ներկաները վարդ ու ծաղիկներով, սեր ու ժպիտով զարդարեցին անմահ Սայաթ-Նովայի շիրիմը: Այնուհետև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի (տնօրեն՝ Եվգենյա Մարկոսյան, մշակույթի բաժնի ղեկավար՝ Սուրեն Աբրամյան) գեղարվեստական խմբերի («Սբ. Ներսես Շնորհալի» երգչախումբ՝ խմբավար Մարիա Աբուլյան, երաժիշտ՝ Կարեն Միրզոյան), դուդուկի և դհոլի (ղեկավար՝ Իվանե Մկրտչյան և Արմեն Թորոսյան) և անհատ կատարողեր Պապիկյան եղբայրների և Աիդա Բազոյանի ի մասնակցությամբ հնչեցին անմահ Սայաթ-Նովայի երգն ու երաժշտությունը: Համերգն ավարտվեց «Սարդարապատ» ոգեշունչ երգով:
Հիշեցնենք, որ «Մեյդան» թաղամասում, Գորգասալի հրապարակում այսօր ժամը 17:00-ին կկայանա համերգ՝տարածելով աշուղական երգը, խոսքն ու երաժշտությունը, դառնալով Սայաթ-Նովա երգասաց բանաստեղծի նկատմամբ սիրո և նրա երգարվեստի անմահության դրսևորում:
«Վարդատոնը» հիմնադրվել է հայ գրականության դասական գրող Հովհաննես Թումանյանի, նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի և վրաց բանաստեղծ Իոսիֆ Գրիշաշվիլու կողմից 1914 թ.-ին և այդ օրվանից ցայսօր տոնը Թբիլիսիում նշվում է մեծ շուքով։