Материалы

Բոլնիսեցի աշակերտների երազանքը դարձավ իրականություն

2023 թվականի հունիսի 4-ին  իրականացավ ք. Բոլնիսի թիվ  2 հանրային դպրոցի 7-րդ դասարանի աշակերտների երազանքը, կազմակերպվեց  էքսկուրսիա`Թբիլիսիի  տեսարժան վայրեր: Դասղեկ Սվետլանա Սարգսյանի առաջնորդած բոլնիսցիների խմբին Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում դիմավորեց Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի զբոսավար Էդիտա Զորաբյանը՝ խոստանալով էքսկուրսիայի մասնակիցների օրը դարձնել հետաքրքիր ու բովանդակալից: Հինավուրց եկեղեցում մոմեր վառելուց հետո խմբի կանգառը դարձավ Խոջիվանքի «Մեծաց մեծերի» պանթեոնը, որտեղ դպրոցականները առանձնակի հպարտություն ապրեցին այստեղ հանգչող յուրաքանչյուր հայորդու  հիշատակով:

Բոլնիսցի դպրոցականների խումբը այցելեց Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի: Այստեղ կիրակնօրյա Սուրբ Պատարագին մասնակցելուց հետո, նրանք խոնարհվեցին Եկեղեցու բակում հանգչող Սայաթ-Նովայի գերեզմանի և մյուս երևելիների հիշատակի առջև:

Photo 2023 06 09 10 20

Այնուհետև Մեյդան թաղամասից Սոլոլակ տանող ճանապարհին, թումանյանական հետքերով հասան մինչև Ամաղլեբա փողոցի թիվ 18 շենքը: Ծանոթացան այն տների ու շինությունների պատմությանը, որտեղ իրենց կյանքի տարիներն են անցկացրել ազգի արժանավոր  զավակներ Վիկտոր Համբարձումյանը, Օրբելի եղբայրները  և ուրիշներ, տեսան թումանյանական «Վերնատան» պատմական շենքը:

Հասնելով  Հովհ. Թումանյանի նախկին բնակարանը, այժմ՝  Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոն,  էքսկուրսիայի մասնակիցները հիացմունքով դիտեցին այն, լսեցին  Թումանյանի և այս տան մասին  բազմաթիվ պատմություններ: Ոգևորված տեսածով ք. Բոլնիսի  թիվ  2 հանրային հայկական դպրոցի 7-րդ դասարանի սաները արտասանեցին «Շունն ու կատուն» բալլադը և հայտնի քառյակները:

Վերջում աշակերտները ստացան Անահիտ Բոստանջյանի գրքերը և «Կամուրջ» տարեգրքի տարբեր համարները, որ տրամադրել էր դուստր Գայանե Բոստանջյանը:

Անմոռանալի տպավորություններով լի օրը որպես գեղեցիկ հուշ կմնա  դպրոցականների և նրանց ծնողների  հիշողության մեջ:

Photo 2023 06 09 10 20

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են