ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏՈՆԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՆՇԱՆԱՎՈՐՎԵՑ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳՈՎ
2023 թվականի հունիսի 11-ին Սուրբ Պատարագով և տարբեր միջոցառումներով նշվեց Հայոց Եկեղեցու մեծ տոներից մեկը՝ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ եկեղեցիներից Վիրահայոց թեմի Սուրբ Էջմիածին եկեղեցին այն եզակիներից մեկն է, որը պատիվ ունի կրելու Սուրբ Էջմիածին անունը, ածանցված Հավլաբար տեղանունով:
Վիրահայոց թեմի Թբիլիսիի Հավլաբար հայաբնակ թաղամասում հպարտորեն վեր խոյացող հայոց եկեղեցին աստվածապաշտ հավատացյալի անսահման սերը, ակնածանքը և խոնարհումն է իր հավատքին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: 19-րդ դարի սկզբներին վաղարշապատցի վարպետների ձեռքերով ու թբիլիսցիների ծախսերով կառուցված Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցի անունով եկեղեցին, որը հետագայում ստացավ և այժմ էլ հայտնի է Հավլաբարի Սուրբ Էջմիածին անունով, այդ սիրո և նվիրումի արտահայտությունն է:
Թբիլիսիում Սուրբ Էջմիածնի տոնը նշվեց արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանի մատուցած Սուրբ և Անմահ Պատարագով: Պատարագիչ – քահանան քարոզ խոսեց Մայր Աթոռ Սուրբ Եկեղեցու ընդհանրական լինելու և կենտրոնաձիգ առաքելության մասին, կարևորեց այն հպարտությունը և նաև պարտավորությունը, որ դրված է Վրաստանում գործող համանուն եկեղեցու գործունեության վրա: Տեր Հայրը հորդորեց հավատացյալներին անսասան մնալ իրենց հավատքում, ապրել քրիստոնեական պատվիրաններով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին նվիրումով և պահել, զորեղացնել ու պահպանել Վրաստանում գործող հինավուրց և նորակառույց տաճարները, քրիստոնեական հավատքի անշրջելիությունը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միացնող ու համախմբող կենտրոնաձիգ ուժը:
Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը դարձավ հիրավի տոնական: