«Լուսե ուղենիշ» աբովյանական օրեր Թբիլիսիում
2023 թվականի հունիսի 24-ին, «Լուսե ուղենիշ» աբովյանական օրեր Թբիլիսիում» ծրագրի շրջանակներում Վիրահահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը հյուրընկալեց Երևանից ժամանած պատվիրակությանը:
«Լուսե ուղենիշ» աբովյանական օրեր Թբիլիսիում» միջոցառումը նվիրված է Աբովյանի անհետացման 175-րդ տարելիցին և Երևանի Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի հիմնադրման 85-ամյակին: Այդ նպատակով կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում ցուցադրվեցին տուն-թանգարանի պատմությունը ներկայացնող ցուցանմուշներ:
Բարի գալուստի ջերմ խոսքով հյուրերին ողջունեցին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը և Վրաստանում ՀՀ դեսպանության մշակույթի հարցերով խորհրդական Դավիթ Տեր-Մկրտչյանը:
Ուշագրավ էր, որ շուրջ երկու դար առաջ հայ գրականության ասպարեզ մտած և հայ նոր գրականության մատենագրության առաջին էջը բացած Խաչատուր Աբովյանի կյանքի անհայտ էջերի և ստեղծագործությունների մասին գեղեցիկ հայտնություն դարձավ տուն-թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանի կողմից հետաքրքիր և բովանդակալից ելույթը: Իր կյանքի որոշակի մասը Թբիլիսիում անցկացրած Խաչատուր Աբովյանի կյանքի շատ դրվագներ, որ ներկայացրեց տուն-թանգարանի տնօրենը, իսկապես նորություն էին թբիլիսահայ հասարակայնության համար: Դրանցից էր Աբովյանի՝ Ֆրանսիայում քանդակած արձանի ոդիսականը, որը երկար դեգերումներից հետո հասնելով Վրաստանի Բաթումի քաղաք, իր վերջնական հանգրվանը գտավ մայր հայրենիքում, Ֆրիդրիխ Բարրոտի կողմից Խաչատուր Աբովյանի լուսանկարի ստեղծման պատմությունը և նման այլ հանգամանքներ:
Արժանահիշատակ է, որ տուն-թանգարանի գործունեության արդյունքում վեր են հանվել Խաչատուր Աբովյանի բանաստեղծությունները, որոնք Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր կոմպոզիտոր Մարգարիտ Սարգսյանի երաժշտության հիման վրա վեր են ածվել գեղեցիկ ու հոգեպարար երգերի: Շնորհաշատ երգիչներ Անդրանիկ Մալխասյանի և Հռիփսոմե Սուքիասյանի կատարմամբ «Վաթան» (Հայրենիք) և «Կանաչ -կարմիր» երգերի տեսահոլովակների շնորհանդեսը ներկա հասարակայնության կողմից արժանացավ ջերմ ընդունելության:
Միջոցառումը հագեցած էր գեղեցիկ քնարական հավելվածներով: Ժողովրդական «Հորովել», Բարսեղ Կանաչյանի «Օրոր», Համո Սահյանի խոսքով «Ամեն ինչ կանցնի» և «Կյանք ու կռիվ» երգերի փայլուն և արհեստավարժ կատարումները Հռիփսիմե Սուքիասյանի, Անդրանիկ Մալխասյանի և Ցոլակ Հարությունյանի կողմից դարձան հայրենասիրության, ազգային հպարտության ու բավականության ներշնչումներ:
Միջոցառումն ամփոփեց արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը: Նա փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի օրհնությունը և բարեմաղթանքները և արժևորեց սույն ծրագրի իրականացումը, հայ գրականության անդաստանում իրենց տեղը զբաղեցրած դեմքերը հայրենասիրության, ազգասիրության երգիչներ են, իրենց ստեղծագործություններով հայրենիքին նվիրվածությունը, այն պահելու ու պահպանելու անկաշառ սերն ու նվիրումը ջատագողներ, հենք դարձնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու անքակտելի կապը հայրենիքի, նրա պետականության պահպանման ու ամրապնդման վեհ գաղափարների հետ:
Վերջում տուն-թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը գնահատելով Վահագն Զաքարյանի կազմակերպչական մեծ աշխատանքը, «Աբովյանական օրերը Թբիլիսիում» միջոցառումը կյանքի կոչելու համար շնորհակալագրեր փոխանցեց «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանին և հեռուստալրագրող Էդգար Բարսեղյանին ծրագրի իրականացմանը ցուցաբերած աջակցության համար: