Բարձր գնահատական «Սառա» մոնոներկայացման ռեժիսորին և դերակատարին
Մոնոներկայացումը մի աղջկա մասին է, ով կյանքի ամենածաղկուն տարիքում կորցրել է տեսողությունը։ Նա պայքարում է հանուն իր երազանքների ու նրան օգնում է այն զգացմունքը, որը տածում է մի տղայի նկատմամբ։
Մոնոներկայացման առաջին իսկ րոպեներից, երիտասարդ դերասանուհին կարողացավ հետաքրքրել թբիլիսահայ հանդիսատեսին: Կարողացավ հաղորդել նրան իր հույզերն ու ապրումները, փոխանցել իր երազանքները, նպատակին հասնելու համար չխնայելով կամք ու ջանք:
Դերասանուհին ճիշտ դիմախաղով, ձայնի ելևէջներով, դեմքի արտահայտությանը համահունչ շարժումներով բացում է 28-ամյա երիտասարդ աղջկա՝ Սառա Քեյնի հոգեկան ծանր ապրումները, ով միայնության վախով համակված՝ կորցրել է կյանքում ամենակարևորը՝ ապրելու ու սիրելու կամքը:
Վարպետորեն իրականացնելով բեմադրող ռեժիսոր Էլմիրա Սոլոյանի մտահղացումները, ցուցումները և պատկերացումները՝ մոնոներկայացումն արժանացավ հանդիսատեսի բարձր գնահատականին ու սրտաբուխ ծափերին:
Իրենց ելույթներով մոնոդրամայի ռեժիսորական հագեցած աշխատանքը և դերասանական շնորհալի խաղը արժևորեցին Սուսաննա Խաչատրյանը, Իննա Դավիթաշվիլին, Նիկա Ղազարյանը:
«Armmono»-ն միակ փառատոնն է Հայաստանում, որը, թեև փոքր ձևաչափով, բայց դերասաններին դուրս է բերում Հայաստանի սահմաններից ու ճանաչելի դարձնում նաև այլ քաղաքներում ու արտերկրում: Այս միջազգային փառատոնը ամրապնդեց մոնոժանրը Հայաստանում, երկրի վարկանիշը բարձրացնելով նրա սահմաններից դուրս։ «Սառա» մոնոդրաման ցուցադրվել է Երևանում, Գյումրիում և Աբովյանում, այժմ արդեն նաև Թբիլիսիում: