Ախալցխացի հավատացյալները Երուսաղեմ ուխտի մեկնելուց առաջ ստացան թեմակալ առաջնորդի օրհնությունը
Յուրաքանչյուր քրիստոնյայի սրտի փափագն է լինել Երուսաղեմում, աղոթել Սուրբ Երկրի տաճարներում և հոգեպես վերածնվել Աստծու պատվիրաններով ու քրիստոնեական հավատքով:
Այդ փափագով 2023 թվականի հուլիսի 4-ին, Վիրահայոց թեմի Ախալցիխեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հավատացյալների խումբը եկեղեցում աղոթք անելուց և հոգևոր հայրերի օրհնությունը ստանալուց հետո ճանապարհ ընկավ դեպի Երուսաղեմ:
Ուխտագնացության ճանապարհին ուխտավորները Թբիլիսիում այցելեցին Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի: Թեմակալ առաջնորդ Հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը հանդիպելով ուխտավորներին, իր օրհնությունը բաշխեց նրանց՝ մաղթելով ուխտի կատարում, նաև՝ Ամենազոր Աստծու շնորհներով և քրիստոնեական հավատքով ապրելու կամք և ձգտում: Հայր Սուրբը գնահատանքի խոսքեր ուղղեց Ախալցիխեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ, Ախալցիխեի և Բորժոմի տարածաշրջանների հոգևոր տեսուչ Հգշ. Տեր Հակոբ աբեղա Սահակյանին՝ հավատացյալների ուխտագնացությունը առաջնորդելու համար, բարի ճանապարհ և անփորձանք վերադարձ մաղթեց ախալցխացի հավատացյալներին:
Ստանալով առաջնորդի հայրական օրհնությունը՝ ուխտավորները շարունակեցին ճանապարհը դեպի Երուսաղեմ: