Материалы

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Անդրադառնալով հուլիսի 1-ից հուլիսի 8-ը սեռական փոքրամասնությունների՝ Թբիլիսիում անցկացվող փառատոնին, Վիրահայոց թեմը հոգևոր դասի, հավատացյալների, պաշտոնեության, թեմապատկան կառույցների շուրջ համախմբված պատանիների ու երիտասարդների անունից հանդես է գալիս հայտարարությամբ այն մասին, որ նշված փառատոնի նախանշած նպատակները դեմ են եկեղեցական կանոններին, հետևաբար՝ անընդունելի են, և դարերով հղկված հոգևոր, ազգային ավանդույթների դեմ ցանկացած գործողություն, լինի դա բռնություն, թե սադրանք, դատապարտելի է եկեղեցու կողմից:  

Սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության քողի տակ սադրանքները, ցավոք, մոլորության մեջ են գցել և շարունակում են մոլորեցնել շատերին: Մեզանից յուրաքանչյուրին շնորհված կամքի ազատությունը չի ենթադրում մեկ ուրիշի կամքին բռնանալ, առավել ևս՝ այդ ազատությունը սեփական անձի բռնակալի վերածել:

Աստված մարդուն ստեղծել է Իր կերպարանքով, և մեզանից յուրաքանչյուրն իր մեջ կրում է Աստծու կերպարանքը: Աստված ստեղծել է տղամարդ և կին Իր աստվածային կերպարանքը՝ իբրև կենաց գերագույն խորհուրդ պահպանելու համար: Յուրաքանչյուր ընտանիք մի տաճար է, որտեղ ամեն անգամ նորովի ծնվում է Աստծու կերպարանքը: Քրիստոնեական եկեղեցին իր օրհնությունն է բաշխում այդ ընտանիքներին՝ սիրեցյալ Հոր պես իր գիրկը մշտապես բաց պահելով և՛ ավանդապահ, և՛ ճանապարհից շեղվող ու զղջացող իր զավակներին:

Մենք դատապարտում ենք ոչ թե մեր մոլորյալ զավակներին, այլ նրանց, ովքեր մոլորյալների անունի տակ փորձում են արմատախիլ անել ավանդույթները, եղծել աստվածային ներդաշնակությունը, քանդել ընտանիքները, քայքայել հասարակությունը: Հավատավոր մեր ժողովուրդը մշտապես եղել է քրիստոնյա ավանդական ընտանիքի գաղափարի կրողը: Հենց այդ ընտանիքներն են մեր հավատի տաճարի հենասյուները: Այդ ընտանիքների վրա են հենվում հասարակական կարգուկանոնը, գրված ու չգրված օրենքները:

Ներկա մարտահրավերները բարդ են ու անկանխատեսելի, բայց առավել ողբերգական կարող է լինել ապագան: Ուստի կոչ ենք անում ճիշտ գնահատական տալ ստեղծված իրավիճակին, և մեզանից յուրաքանչյուրը ստանձնի իր բաժին պատասխանատվությունը չարիքի դեմ պայքարելու համար:   

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են