Ավանդական տոլմայի փառատոն Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում
Թբիլիսիում շարունակվում է պահպանվել տոլմայի փառատոն անցկացնելու ավանդույթը, որը դարձել է ժողովրդի կողմից սիրված և սպասելի տոն: Այդ օրը Թբիլիսիի բնակիչներն ու ոչ միայն նրանք, հնարավորություն ունեն քաղաքի սրտում՝ կոլորիտային Մեյդանի տարածքում, համտեսել հայկական ազգային տոլմայի գրեթե բոլոր տեսակները՝ պատրաստված տարբեր բաղադրատոմսերով, ներդաշնակված հայ կանանց հմտություններով ու մտահղացումներով:
2023 թվականի հուլիսի 9-ին «Տոլմայի փառատոն 2023-ը» անցկացվեց Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու բակում։ Հավարտ կիրակնօրյա Սուրբ Պատարագի, մարդաշատ եկեղեցու բակում փառատոնին ներկա էին Վրաստանի համայնքային կառույցների անդամներ, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության դիվանագետներ, Թբիլիսիի Սակրեբուլոյի՝ Ժողովրդական ժողովի ներկայացուցիչներ, բազում հավատացյալներ, քաղաքի գտնվող տարբեր ազգի զբոսաշրջիկներ և հյուրեր:
Սեղանների մոտ ազգային զարդանախշերով գոգնոցներով զուգված հայ տիկնայք հրավիրում էին ներկաներին համտեսելու իրենց պատրաստած տոլմաները: Իսկ տոլմաները տարբեր էին՝ փաթաթված խաղողի տերևով, կաղամբով, խառը բանջարեղենով, սոխով, նաև պասոց, քաղցր՝ չամիչով ու մեխակ- դարչինով, գազարով, պանրով և այլն՝ բոլորն էլ գեղեցիկ ձևավորված ու ախորժալի:
Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը բացելով «Տոլմայի փառատոն-2023»-ը»՝ կարևորեց ավանդույթը պահելու, ազգային խոհանոցի նրբերանգներով այն էլ ավելի ընդարձակելու և զարգացնելու անհրաժեշտությունը, և շնորհակալություն հայտնեց Վիրահայոց թեմի առաջնորդարանին, թեմակալ առաջնորդին՝ փառատոնի անցկացումը հովանավորելու, ինչպես նաև՝ Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիների խաչի քավորներին, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» կազմակերպության, երկու եկեղեցիների Եկեղեցասեր կանանց խմբերի անդամներին փառատոնին աջակցելու, Վրաստանի հայ համայնք հասարակական կազմակերպությանը և «Անի» պարային համույթին՝ փառատոնին մասնակցելու համար:
Փառատոնի պատվավոր հյուրերն էին Վիրահայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը, Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հգշ. Տեր Նշան վարդապետ Հմայակյանը, արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը: Փառատոնը մեկնարկեց Թեմակալ առաջնորդի կողմից սեղանների օրհնությամբ: Հայր Սուրբը իր խոսքում արժևորեց բոլոր կազմակերպիչների դերը թեմի կյանքում հաստատված գեղեցիկ ավանդույթը անխախտ պահելու գործում, գնահատանքի խոսքեր ուղղեց փառատոնին տոլմաներով ներկայացած մասնակիցներին և ներկաներին հրավիրեց համտեսելու համեղ և ախորժալի տոլմաները:
Փառատոնն ուղեկցվեց ուրախ երգ ու պարով, որ ներկայացրին Թեմի «Հայարտուն» կենտրոնի գեղարվեստական խմբերի նախկին սաներ՝ «Հայարտուն» կենտրոնում կատարողական վարպետություն ձեռք բերած, այժմ արդեն անհատ կատարողներ Անահիտ Հարությունյանը, Հենրիխ Պետրոսյանը, ինչպես նաև գեղարվեստական խմբերը՝ դուդուկի, դհոլի, ջութակի, երգեհոնի խմբերի աշակերտները՝ դուդուկի ուսուցիչ Իվանե Մկրտչյանի, վոկալի դասարանի ուսուցիչ Սերգո Հարությունյանի և պարուսույց Սուրեն Աբրամյանի գլխավորությամբ:
Ընթացիկ տարվա «Տոլմայի փառատոնն» ավարտվեց հայկական ուրախ պարերով և մեր ազգի միասնությունն արտահայտող ավանդական շուրջպարով: