Материалы

Քրիստոսի Պայծառակերպության տոնը նշվեց Վիրահայոց թեմում

2023 թվականի հուլիսի 16-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց  մեր Տեր Հիսուս Քրիստոսի  Պայծառակերպության տոնը: Հայոց Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը Վիրահայոց թեմի եկեղեցիներում նշվեց Սուրբ և Անմահ Պատարագներով: Թբիլիսիի և Վրաստանի հայաբնակ տարածաշրջանների հավատացյալ ժողովուրդը առավոտից մեծ խանդավառությամբ գալիս էր Աստծու տուն՝ միմյանց շնորհավորելու և մասնակից դառնալու, ինչպես ժողովուրդն է ասում, Վարդավառի տոնակատարությանը:

Ուրախ տրամադրություն և աշխուժություն էր տիրում Թբիլիսիի  Սբ. Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցիներում: Վիրահայոց թեմի առաջնորդ Հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի հանդիսապետությամբ, Սբ. Գևորգ եկեղեցում Սբ. և Անմահ Պատարագ մատուցեց արժ. Տեր Վիրապ քահանա Ղազարյանը, Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցում  Պատարագիչն էր  արժ.  Տեր Սամվել քահանա Թորոսյանը:

Հընթացս Սբ. Պատարագի Հոգևոր Հայրերը  հավուր պատշաճի քարոզ խոսեցին  օրվա խորհրդի մասին: Ավետարանական պատմությունից հայտնի է, որ Հիսուս Քրիստոսն իր երեք աշակերտների՝ Պետրոսի, Թադևոսի եւ Հովհաննեսի հետ բարձրացավ Թաբոր լեռան վրա և  այնտեղ աղոթելիս պայծառակերպվեց, այլակերպվեց։

Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսի` վարդի հետ համեմատությամբ. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպություն Իր մեջ կրում էր Աստվածության պայծառությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը: 

1

Հոգևոր դասի պահպանիչ աղոթքից և օրհնությունից հետո տոնական տրամադրությունը շարունակվեց մայրաքաղաքի երկու եկեղեցիների բակերում: Հեթանոսական ժամանակներից եկող և քրիստոնեական շունչ ստացած միմյանց վրա ջուր ցողելու սովորությունը կամ Վարդավառն իր արտահայտությունը գտավ ծայր առած ջրախաղով:

Ջրախաղն ուղեկցվեց «Հայարտուն» կենտրոնի կազմակերպած ուրախ երգով ու երաժշտությամբ: Ջրախաղի մասնակից դարձան ներկա ահելներն ու ջահելները, հյուրերն ու պատարագի մասնակիցները:

Ուրախ ջրախաղից, երգ ու պարից և ավանդական միասնության շուրջպարից հետո, Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, Առնո Բաբաջանյանի  որդի՝ Արայիկ Բաբաջանյանի կողմից  կատարվեց  մատաղով ներկաների հյուրասիրություն:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությամբ հոգեպես պայծառացած և Վարդավառի ջրով մաքրազերծված հավատացյալները վերադարձան իրենց տները, տանելով Պատարագիչ քահանաների՝ մաքրված ջրով ու նորոգված Հիսուսով՝ նոր կյանք ապրելու հորդորը:

Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի կապակցությամբ հետպատարգյան տոնական հանդիսություններ տեղի ունեցան Ախալքալաքի «Սուրբ Խաչ», Ախալցխայի «Սբ. Գրիգոր  Լուսավորիչ», Նինոծմինդայի «Սուրբ Սարգիս» և Բաթումի «Սուրբ Փրկիչ» ու հարակից գյուղերի  եկեղեցիներում:

1

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են