Քրիստոսի Պայծառակերպության տոնը նշվեց Վիրահայոց թեմում
2023 թվականի հուլիսի 16-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Հայոց Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը Վիրահայոց թեմի եկեղեցիներում նշվեց Սուրբ և Անմահ Պատարագներով: Թբիլիսիի և Վրաստանի հայաբնակ տարածաշրջանների հավատացյալ ժողովուրդը առավոտից մեծ խանդավառությամբ գալիս էր Աստծու տուն՝ միմյանց շնորհավորելու և մասնակից դառնալու, ինչպես ժողովուրդն է ասում, Վարդավառի տոնակատարությանը:
Ուրախ տրամադրություն և աշխուժություն էր տիրում Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցիներում: Վիրահայոց թեմի առաջնորդ Հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի հանդիսապետությամբ, Սբ. Գևորգ եկեղեցում Սբ. և Անմահ Պատարագ մատուցեց արժ. Տեր Վիրապ քահանա Ղազարյանը, Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցում Պատարագիչն էր արժ. Տեր Սամվել քահանա Թորոսյանը:
Հընթացս Սբ. Պատարագի Հոգևոր Հայրերը հավուր պատշաճի քարոզ խոսեցին օրվա խորհրդի մասին: Ավետարանական պատմությունից հայտնի է, որ Հիսուս Քրիստոսն իր երեք աշակերտների՝ Պետրոսի, Թադևոսի եւ Հովհաննեսի հետ բարձրացավ Թաբոր լեռան վրա և այնտեղ աղոթելիս պայծառակերպվեց, այլակերպվեց։
Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսի` վարդի հետ համեմատությամբ. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպություն Իր մեջ կրում էր Աստվածության պայծառությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:
Հոգևոր դասի պահպանիչ աղոթքից և օրհնությունից հետո տոնական տրամադրությունը շարունակվեց մայրաքաղաքի երկու եկեղեցիների բակերում: Հեթանոսական ժամանակներից եկող և քրիստոնեական շունչ ստացած միմյանց վրա ջուր ցողելու սովորությունը կամ Վարդավառն իր արտահայտությունը գտավ ծայր առած ջրախաղով:
Ջրախաղն ուղեկցվեց «Հայարտուն» կենտրոնի կազմակերպած ուրախ երգով ու երաժշտությամբ: Ջրախաղի մասնակից դարձան ներկա ահելներն ու ջահելները, հյուրերն ու պատարագի մասնակիցները:
Ուրախ ջրախաղից, երգ ու պարից և ավանդական միասնության շուրջպարից հետո, Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, Առնո Բաբաջանյանի որդի՝ Արայիկ Բաբաջանյանի կողմից կատարվեց մատաղով ներկաների հյուրասիրություն:
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությամբ հոգեպես պայծառացած և Վարդավառի ջրով մաքրազերծված հավատացյալները վերադարձան իրենց տները, տանելով Պատարագիչ քահանաների՝ մաքրված ջրով ու նորոգված Հիսուսով՝ նոր կյանք ապրելու հորդորը:
Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի կապակցությամբ հետպատարգյան տոնական հանդիսություններ տեղի ունեցան Ախալքալաքի «Սուրբ Խաչ», Ախալցխայի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ», Նինոծմինդայի «Սուրբ Սարգիս» և Բաթումի «Սուրբ Փրկիչ» ու հարակից գյուղերի եկեղեցիներում: