Տերյանական պոեզիայի օրը Գանձա գյուղում
Սկսած 1967 թվականից հուլիս ամսվա նախավերջին կիրակին նվիրվում է Ջավախք աշխարհի պանծալի զավակ, հայ դասական գրականության տաղանդավոր քնարերգու Վահան Տերյանին ու նրա անկրկնելի պոեզիային:
Եվ ահա ավանդույթի ամրակուռ ուժով, 2023 թվականի հուլիսի 23-ին, Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում վերստին մեծարվեց բանաստեղի հիշատակը և նրա պոեզիայի անմահությունը:Վիրահայոց Թեմի նախաձեռնությամբ, ընթացիկ տերյանական օրվան մասնակցեցին Սուսաննա Խաչատրյանը, Եվգենյա Մարկոսյանը և Գիսանե Հովսեփյանը:
Առավոտից մարդաշատ էր Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղը: Գալիս էին հյուրեր Թբիլիսիից, Վրաստանի տարբեր տարածաշրջաններից, ՀՀ մարզերից և Երևանից:
Տերյանական պոեզիայի ավանդական օրն սկսվեց 1840-ական թվականների կառույց, 1859-ին Վահան Տերյանի պապ՝ Տեր Գրիգոր քահանայի ղեկավարությամբ և հովանավորությամբ կառուցված Սբ. Կարապետ եկեղեցում մատուցված Սրբազան Պատարագով, որը Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հգշ. Տեր Նշան վրդ. Հմայակյանի հանդիսապետույամբ մատուցեց տեղի հոգևոր հովիվ արժ. Տեր Գևորգ քահանա Ասատրյանը:
Տոնական Սուրբ Պատարագին մասնակցությունից հետո հյուրերն այցելեցին Վահան Տերյանի տուն-թանգարանը, որից հետո, այս անգամ էլ կայացավ դաշտահանդես, քանզի ոչ մի դահլիճ չի կարող տեղավորել տերյանական պոեզիայի երկրպագուներին:
Ջավախքի չքնաղ ծոցում ծնված սիրո, ազատության, հավասարության և եղբայրության ջատագով բանաստեղծ Վահան Տերյանը (Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան) անսահման սիրով եղել է կապված իր ծննդավայր Գանձա գյուղի հետ, թախծել ու կարոտել հայրենի եզերքին: Եվ արդեն 56-րդ անգամ, Գանձան հյուրընկալեց հայրենիք, եղբայրություն և հավասարություն երգող մեծ բանաստեղծի տաղանդի և պոեզիայի առջև իրենց խոնարհումը բերել ցանկացողներին:
Բացելով դաշտահանդեսը վարող Մարտին Արոյանն իր խոսքում հպարտությամբ նշեց, որ 1967 թվականից սկսած Գանձայում տերյանական օրը խորհրդանշորեն ժողովրդի խոնարհումն է այս հող ու ջրի զավակ Վահան Տերյանի ու նրա ստեղծած անմահ պոեզիայի առջև: Ու շուրջ բոլորը տարածվեց Վահան Տերյանի պոեզիան, որն այնպես գողտրիկ համեմվեց ՀՀ Սահմանադրական կենտրոնի ղեկավար, «Վահան Տերյան» մշակութային կենտրոնի ղեկավար Առուշան Հակոբյանի ելույթում, ներկաներին տեղափոխելով տերյանական պոեզիայի կախարդական աշխարհը:
Վիրահայոց թեմի մամլո խոսնակ Սուսաննա Խաչատրյանը ներկաներին փոխանցեց թեմի առաջնորդ Հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի օրհնությունը և շնորհավորանքները, նաև բարեմաղթանքները ջավախքահայությանը՝ ազգային արժեքները հպարտորեն պահելու, պահպանելու և սերնդեսերունդ փոխանցելու համար: Բանախոսը հիրավի ընդգծեց, որ Տերյանական պոեզիայի օրվա տոնակատարությունն իր հաստատուն և կայուն տեղն ունի Թբիլիսիում մայիս ամսին նշվող Սայաթնովյան «Վարդատոնի», Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում տոնախմբվող աշուղ Ջիվանու և Ծալկայի շրջանի Այազմա գյուղում նշվող գուսան Հավասու երգի ու ժողովրդական տոնահանդեսների շարքում: Իսկ «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, երախտիքի խոսքեր ուղղելով Վրաստանի իշխանություններին, հիշեցրեց, որ 1981 թվականից տերյանական պոեզիայի օրը պետական տոների շարքում է դասվում և շուտով, անկասկած, տեղական իշխանությունները էլ ավելի մեծ շուքով կնշեն տերյանական պոեզիայի օրվա 60-անյակը:
Տեղի և հարակից շրջանների երգի ու պարի համույթների ու անհատ կատարողների վարպետ կատարումներով ու ելույթ ունեցողների խոսքով ներդաշնակված տերյանական օրվա դաշտահանդեսը Ջավախքում վերածվեց իսկական ժողովրդական տոնի: