Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը Վիրահայոց թեմում նշվեց տոնական Սուրբ Պատարագներով
2023 թվականի օգոստոսի 13-ին, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին հանդիսավորությամբ նշեց Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Հայոց Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդը և Տիրամորը նվիրված ամենահին տոնը մեծ շուքով նշվեց նաև Վիրահայոց թեմի եկեղեցիներում:
Վաղ առավոտից բազմամարդ էին թեմի հայոց եկեղեցիները: Խորանները զարդարվել էին օրվա խորհրդանիշ արևահամ խաղողի տեսակներով ու մրգեղենով: Ու չէր դադարում մարդկանց հոսքը դեպի եկեղեցի. գալիս էին խաղողի և տարբեր մրգերի գեղեցիկ զամբյուղներով, սկուտեղներով՝ տարվա բերք ու բարիքի օրհնությունը և Բարձրյալի բարեխոսությունը ստանալու ակնկալիքով:
Առավոտյան ժամերգությունից հետո եկեղեցիներում կատարվեց Անդաստանի կարգ: Օրհնվեցին աշխարհի չորս ծագերը և ժողովուրդները: Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում Վիրահայոց Թեմի առաջնորդ Հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի հանդիսապետությամբ, Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Արժ. Տեր Հուսիկ քհն. Հարությունյանը:
Տոնական Սուրբ Պատարագին ներկա էին բազում հավատացյալներ, թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչներ, զբոսաշրջիկներ Հայաստանից ու Հայոց Սփյուռքից:
Հավարտ Սուրբ Պատարագի Հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի մասին: Թեմակալ առաջնորդը մեկնաբանեց Աստվածամոր վերափոխման խորհուրդը հայ հավատացյալների կյանքում, հորդորեց Աստվածածին Մարիամի օրինակով շարունակել ապրել Վերափոխման լույսով, որդիական սիրով նվիրական լինել ծնողներին, նրանց մայրական սիրո զգացումին, զերծ մնալ չարությունից ու անտարբերությունից, լինել բարի ու բարեգործ, անսասան մնալ քրիստոնեական հավատքին:
Հգշ. Հայր Սուրբը մեկնաբանեց նաև խաղողի օրհնության խորհուրդը, խաղողի ոստի և ողկույզի նմանությունը Երկրային և Երկնային կյանքին և շնորհավորեց ներկաներին Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնի կապակցությամբ:
Ս. Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի եկեղեցու խորանում կատարվեց «Խաղողօրհնեքի» հանդիսավոր արարողությունը, ընթերցվեց օրվա խորհուրդն ամփոփող ավետարանական հատվածը, այնուհետև բարձրացվեց Ս. Ներսես Շնորհալու «Խաղողի օրհնության» աղոթքը: Թեմակալ Առաջնորդի նախագահությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց խաղողի և ողջ տարվա բերք ու բարիքի օրհնության կարգը, որից հետո եկեղեցու բակում տեղի ունեցավ հյուրասիրություն:
Տոնական Սուրբ Պատարագներ մատուցվեցին և խաղողօրհնեքի կարգ կատարվեց Ախալցիխեի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», Ղուլալիսի «Սուրբ Աստվածածին», Ախալքալաքի «Սուրբ Խաչ», Նինոծմինդայի «Սուրբ Սարգիս», Գանձայի «Սուրբ Կարապետ», Բաթումի «Սուրբ Փրկիչ» և մյուս հայաբնակ վայրերի եկեղեցիներում ու մատուռներում: Տեղերում բարերարների կողմից կատարվեց խաղողով, մրգով և մատաղով հյուրասիրություն:
Երկուշաբթի օրը՝ օգոստոսի 14-ին, Հիշատակ Մեռելոց է: Վիրահայոց թեմի եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ ննջեցյալների հոգու խաղաղության համար:
Թբիլիսիի Հայոց Եկեղեցիներում Հոգեհանգստյան արարողության սկիզբը՝ ժամը 12:00-ին: