Վիրահայոց թեմի գործող եկեղեցիների շարքը կհամալրվի ևս մեկ վերակառուցված եկեղեցով
2023 թվականի օգոստոսի 19֊ին, Ջավախք կատարած իր Առաջնորդական այցի շրջանակներում, Վիրահայոց թեմի առաջնորդ Հգշ. Տեր Կիրակոս վրդ.Դավթյանը, Սամցխե Ջավախքի և Ծալկայի Առաջնորդական փոխանորդ Հգշ. Տեր Նշան վրդ. Հմայակյանի ուղեկցությամբ և Նինոծմինդայի Սբ. Սարգիս եկեղեցու և հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժ. Տեր Արմաշ քհն. Պողոսյանի մասնակցությամբ ծանոթացավ Նինոծմինդայի շրջանի Մեծ Խանչալի գյուղի խոնարհված Սբ. Աստվածածին եկեղեցու վերակառուցման աշխատանքների մեկնարկին։
Օրը հիրավի տոնական էր մեծխանչալցիների համար։ Խորապես ըմբռնելով Աստծու տան անհրաժեշտությունը գյուղի առօրյայում, տեղի բնակչությունը սեփական միջոցներով ստանձնեց գյուղի փլուզված եկեղեցու վերակառուցման աշխատանքների իրականացումը։
Ներկա գտնվող Թեմակալ առաջնորդը և փոխառաջնորդը իրենց օրհնության խոսքում բարձր գնահատեցին տեղացիների ճիշտ մոտեցումը գյուղում աղոթատեղի ունենալու կարևորությանը և շնորհավորեցին աշխատանքների մեկնարկի կապակցությամբ։