Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը մասնակցեց Վրաստանի «Կանանց խորհրդի» միջոցառմանը
2023 թվականի սեպտեմբերի 16-ին, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի հայրական օրհնությամբ, թեմի «Հայարտուն» կենտրոնը մասնակցեց Վրաստանի խորհրդարանի գրադարանում կազմակերպված «Կինը՝ մշակույթի և մշակույթի համար սերունդների երկխոսությունը» խորագրով միջոցառմանը:
Միջոցառումը բազմաբղետ էր, հագեցած Թբիլիսիի բազմազգ կոլորիտով և արտասահմանում բնակվող վրացի տարագիրների ելույթներով: Յուրաքանչյուր ազգային փոքրամասնություն կազմակերպել էր իր ազգային մշակույթն արտացոլող անկյուն:
«Հայարտուն» կենտրոնը ներկայացել էր ազգային նվագարաններով, գեղեցիկ տարազներով և խոհանոցով, նաև ներկաներին առաջարկելով հայկական ճաշատեսակների և խմորեղենի բաղադրատոմսերը:
Հիանալի ընդունելության արժանացավ մենակատար Աիդա Բազոյանի կողմից Սայաթ-Նովայի «Քամանչա» երգի հայերեն և վրացերեն կատարումը՝ Իվանե Մկրտչանի ղեկավարությամբ ազգային գործիքներրի՝ դհոլի և դուդուկի նվագակցությամբ:
Գեղեցիկ ձևավորման և բարձրարժեք ելույթի համար «Հայարտուն» կենտրոնը, Աիդա Բազոյանը և Իվանե Մկրտչյանը արժանացան «Կանանց խորհրդի» շնորհակալագրին:
Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը (նախագահ՝ Սուսաննա Խաչատրյան) շնորհակալություն է հայտնում «Հայարտուն» կենտրոնին (տնօրեն՝ Եվգենյա Մարկոսյան), «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնին (աշխատակիցներ՝ Գոհար Մազմանյան, Էդիտա Զոհրաբյան), դուդուկի և դհոլի դասարանների սովորողներին (ուսուցիչ՝ Իվանե Մկրտչյան) և նախակրթարանի սաներին ու նրանց ծնողներին միջոցառմանը հավուր պատշաճի մասնակցության համար: