Սուրբ Գևորգ զորավարի տոնը նշվեց Վիրահայոց թեմի առաջնորդանիստ եկեղեցում
Սուրբ Գևորգ զորավարի տոնը վիրահայ հավատացյալի նվիրական տոներից մեկն է, որը 2023 թվականին նշվեց սեպտեմբերի 30-ին:
Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Թեմակալ առաջնորդ Հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի հանդիսապետությամբ Սբ. Պատարագ մատուցեց արժ. Տեր Վիրապ քհն. Ղազարյանը: Օրը թեև տոնական էր, բայց զգացվում էր համընդհանուր թախիծն ու ցավը Արցախում և Մայր Հայաստանում տիրող իրավիճակի կապակցությամբ: Հավատացյալները եկել էին աղոթելու այս զորավոր տաճարում, ստանալու քաջամարտիկ Սուրբ Գևորգի օրհնությունն ու շնորհները և տխրությունը փարատելու հույս ու հավատ:
Հընթացս Սուրբ Պատարագի, Պատարագիչ-քահանան քարոզ խոսեց օրվա խորհրդի՝ քաջամարտիկ զորավարի քրիստոնյա հավատքին նվիրվածության և նահատակության մասին, արժևորեց հավատացյալների սերն ու նվիրվածությունը Սրբին, որի անունով դարերի ընթացքում կառուցվել են եկեղեցիներ, ընդորում առաջնորդանիստ Սուրբ Գևորգը:
Հոգևոր հայրը զորավար Գևորգի անսասանությունը քրիստոնեական հավատքի նկատմամբ համեմատեց հայ ժողովրդի հետ, ով պատմության ընթացքում բազում փորձությունների միջով է անցել, կենաց և մահու պայքար մղել և հավատարիմ մնացել իր հավատքին: Պատարագիչ քահանան անդրադարձ կատարելով օրհասական օրեր ապրող մեր ժողովրդին, հորդորեց լինել միասնական, պահել մեր հոգևոր ու մշակութային արժեքները, լցվել հայրենասիրությամբ ու նվիրական ոգով դեպի մեր Մայր Հայրենիքն ու Վրաստան աշխարհը:
Հավարտ Սբ. Պատարագի Վիրահայոց թեմի առաջնորդ Հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը բոլոր Գևորգ անվանակիրներին շնորհավորեց տոնի կապակցությամբ, հորդորեց նրանց ապրել Քրիստոսի հավատարիմ զավակները լինելու հպարտությամբ:
Հոգևոր հայրերի կողմից օրհնվեց և ներկաներին բաժանվեց Սուրբ Գևորգի տոնի առիթով հավատացյալների կողմից արված մատաղը: Տեղի ունեցավ նաև հյուրասիրություն:
Սուրբ Գևորգ զորավարի տոնը հավուր պատշաճի նշվեց Վիրահայոց թեմի մյուս եկեղեցիներում, հատկապես Սրբի անունով եկեղեցիներում:
Հավելենք, որ Սուրբ Գևորգ տաճարը Թբիլիսիի հնագույն եկեղեցիներից է, այն կառուցվել է 13-րդ դարում, եղել է հայկական միջնադարյան հոգևոր, մշակութային և լուսավորչական կենտրոններից մեկը: 2015 թվականին հիմնովին վերանորոգվելով IDeA հիմնադրամի, Ռուբեն Վարդանյանի և այլ բարերարների միջոցներով, Սուրբ Գևորգ եկեղեցին (կամ Բերդի Մեծ եկեղեցին) շարունակում է իր շուրջը համախմբել վիրահայությանը, հանդիսանալով թեմի առաջնորդանիստը: