Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնում նշեցին Սուրբ Թարգմանիչների տոնը
2023 թվականի հոկտեմբերի 28-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի օրհնությամբ, թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտա-մշակութային կենտրոնում նշվեց Սուրբ Թարգմանիչների տոնը: Հովհ. Թումանյանի նախկին բնակարանը կրկին համախմբել էր գրական ասպարեզի ներկայացուցիչներին, գրականասեր անձանց: Դահլիճում էին Վրաստանի գրողների միության համանախագահ Մաղվալա Գոնաշվիլին, հայագետ-վրացագետ Նաթիա Չանթլաձեն, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Թումանյանի ծոռնուհի Ալյոնա Կոլեսսնիկովան, Առնո Բաբաջանյանի որդի Արայիկ Բաբաջանյանը և ուրիշներ:
Կենտրոնի զբոսավարներ Գոհար Մազմանյանի և Էդիտա Զոհրաբյանի շնորհիվ միջոցառումը հարիր էր Թարգմանչաց տոնի խորհրդին և ոգուն:
Թարգմանչաց տոնի գոհարներից մեկը հայերեն առաջին նախադասությունն է՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ...», իսկ ոսկեղենիկ հայերենով աշխարհին ներկայացրած Բիբլիայի թարգմանությունը «Աստվածաշունչ» անունով գնահատվում է Թարգմանության թագուհի: Թարգմանչաց տոնը մշակութային գոհարները աշխարհին ներկայացնելու հայ ժողովրդի գնահատանքի եզակի երևույթն է,- իր ողջույնի խոսքում ընդգծեց զբոսավար Գոհար Մազմանյանը:
Թարգմանչաց տոնի խորհրդի մասին ելույթ ունեցավ «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնի հոգևոր տեսուչ արժ. Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը: Խոսելով տոնի խորհրդի մասին, Տեր Հայրը անդրադարձ կատարեց չորրորդ դարում Հայաստանին պատուհասած ձուլման վտանգին, կարևորեց հայ ժողովրդի փրկության և ազգի գոյատևման ճիշտ լուծումը Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի ստեղծած գրերով:
Թարգմանությունը մշակույթների երկխոսություն է, փոխադարձաբար իրենց պատմությունը, սովորություններն ու ավանդույթները ներկայացնելու միջոց,-նշեց Վրաստանի գրողների միության համանախագահ Մաղվալա Գոնաշվիլին: Վերջինս ընդգծեց երկու քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի ու վրացիների ազգային նմանությունը, որոնք արտահայտվում են թարգմանություններում: Դրա օրինակներ են Լևոն Անանյանի, Գիվի Շահնազարի, Գագիկ Դավթյանի, Անահիտ Բոստանջյանի, Ժորա Սնխչյանի, Միքայել Ախտյանի և այլոց թարգմանությունները:
Տարեցտարի ընթերցողին են ներկայացվում բազում թարգմանություններ, որոնք մերձեցնում են տարբեր լեզուների, մշակույթի, կրոնի ու դավանանքի ժողովուրդներին, սերմանում հարգանք հեղինակող ազգի նկատմամբ:
Իրենց կատարած թարգմանությունները հայերենից ռուսերեն և վրացերեն ներկայացրին թարգմանիչ բանաստեղծ Մարինա Կիրակոսյան -Մոսեսովան, Միխայիլ Անանովը, Դիանա Տեր-Բաղդասարովան:
Վիրահայության ժամանակակից թարգմանչական գործունեության մասին վերլուծական խոսք էր հղել բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Էմմա Ախտյանը, որը ներկայացրեց միջոցառման վարողը: Տիկին Ախտյանն իր մտահոգությունն էր հայտնել տարեցտարի նոսրացող ստեղծագործող թարգմանիչների շարքերի մասին, ահավասիկ նոր դեմքեր դեռևս չխոստանալով:
Ուշագրավ էր հատուկ միջոցառման համար Երևանից Օհանյանների ընտանիքի ժամանումը: Երևանի Ռ.Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի ուսանողուհի, մի շարք փառատոների դափնեկիր Կիմա Օհանյանը դաշնամուրային նվագակցությամբ հնչեցրեց Կոմիտասի «Գարուն ա»-ն և Առնո Բաբաջանյանի «Կապրիչիոն», իսկ Սիլվա Մինասյանը և Ալ.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սան Նատալի Օհանյանը դաշնամուրի և ուդի վրա կատարեցին Խաչատուր Ներսիսյանի «Ծաղկաձորի պարը»: «Հայարտուն» կենտրոնի մենակատարուհի Աիդա Բազոյանը՝ դուդուկի դասարանի սաների և ղեկավար Իվանե Մկրտչանի նվագակցությամբ կատարեց Սայաթ Նովայի ստեղծագործությունը՝ հայերեն և վրացերեն: Հայերեն, ռուսերեն և վրացերեն լեզուներով հնչեց Պ.Ադամյանի անվան պետհայդրամայի թատրոնի դերասաններ Աշոտ Սիմոնյանի և Արամ Միքայելյանի, Թբիլիսիի թիվ 104 և 103 հանրային դպրոցների սաների ասմունքը:
Միջոցառումը գնահատանքի խոսքով ամփոփեցին Թեմի լրատվական բաժնի պատասխանատու Սուսաննա Խաչատրյանը և «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը: