Материалы

Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնում նշեցին Սուրբ Թարգմանիչների տոնը

2023 թվականի հոկտեմբերի 28-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի օրհնությամբ, թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտա-մշակութային կենտրոնում նշվեց Սուրբ Թարգմանիչների տոնը: Հովհ. Թումանյանի նախկին բնակարանը կրկին համախմբել էր գրական ասպարեզի ներկայացուցիչներին, գրականասեր անձանց: Դահլիճում էին Վրաստանի գրողների միության համանախագահ Մաղվալա Գոնաշվիլին, հայագետ-վրացագետ Նաթիա  Չանթլաձեն, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Թումանյանի ծոռնուհի Ալյոնա Կոլեսսնիկովան, Առնո Բաբաջանյանի որդի Արայիկ Բաբաջանյանը և ուրիշներ:

Կենտրոնի զբոսավարներ Գոհար Մազմանյանի և Էդիտա Զոհրաբյանի շնորհիվ միջոցառումը հարիր էր  Թարգմանչաց տոնի խորհրդին և ոգուն:

Թարգմանչաց տոնի գոհարներից մեկը հայերեն առաջին նախադասությունն է՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ...», իսկ ոսկեղենիկ հայերենով աշխարհին ներկայացրած Բիբլիայի թարգմանությունը «Աստվածաշունչ» անունով գնահատվում է Թարգմանության թագուհի: Թարգմանչաց տոնը մշակութային գոհարները աշխարհին ներկայացնելու հայ ժողովրդի գնահատանքի  եզակի  երևույթն է,- իր ողջույնի խոսքում ընդգծեց զբոսավար Գոհար Մազմանյանը:

Թարգմանչաց տոնի խորհրդի մասին ելույթ ունեցավ «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնի հոգևոր տեսուչ արժ. Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը: Խոսելով տոնի խորհրդի մասին,   Տեր Հայրը անդրադարձ կատարեց չորրորդ դարում Հայաստանին պատուհասած ձուլման վտանգին,   կարևորեց  հայ ժողովրդի փրկության և ազգի գոյատևման ճիշտ լուծումը Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի ստեղծած գրերով:

39619195

Թարգմանությունը  մշակույթների երկխոսություն է, փոխադարձաբար իրենց պատմությունը, սովորություններն ու ավանդույթները ներկայացնելու միջոց,-նշեց Վրաստանի գրողների միության համանախագահ Մաղվալա Գոնաշվիլին: Վերջինս ընդգծեց երկու քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի ու վրացիների ազգային նմանությունը, որոնք արտահայտվում են թարգմանություններում: Դրա օրինակներ են Լևոն Անանյանի, Գիվի Շահնազարի, Գագիկ Դավթյանի, Անահիտ Բոստանջյանի, Ժորա Սնխչյանի, Միքայել Ախտյանի և այլոց  թարգմանությունները: 

Տարեցտարի  ընթերցողին են ներկայացվում բազում թարգմանություններ, որոնք մերձեցնում են տարբեր լեզուների, մշակույթի, կրոնի ու դավանանքի ժողովուրդներին, սերմանում հարգանք հեղինակող ազգի նկատմամբ:

Իրենց կատարած թարգմանությունները հայերենից ռուսերեն և վրացերեն ներկայացրին թարգմանիչ բանաստեղծ Մարինա Կիրակոսյան -Մոսեսովան, Միխայիլ Անանովը, Դիանա Տեր-Բաղդասարովան: 

Վիրահայության ժամանակակից թարգմանչական գործունեության մասին վերլուծական խոսք էր հղել  բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Էմմա Ախտյանը, որը ներկայացրեց  միջոցառման վարողը: Տիկին Ախտյանն իր մտահոգությունն էր հայտնել տարեցտարի  նոսրացող ստեղծագործող թարգմանիչների շարքերի մասին, ահավասիկ նոր դեմքեր դեռևս չխոստանալով:

Ուշագրավ էր հատուկ միջոցառման համար Երևանից Օհանյանների ընտանիքի ժամանումը: Երևանի Ռ.Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի ուսանողուհի, մի շարք փառատոների դափնեկիր Կիմա Օհանյանը դաշնամուրային նվագակցությամբ հնչեցրեց Կոմիտասի «Գարուն ա»-ն  և Առնո Բաբաջանյանի «Կապրիչիոն»,  իսկ Սիլվա Մինասյանը և Ալ.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սան  Նատալի Օհանյանը դաշնամուրի և ուդի վրա կատարեցին Խաչատուր Ներսիսյանի «Ծաղկաձորի պարը»: «Հայարտուն» կենտրոնի մենակատարուհի Աիդա Բազոյանը՝  դուդուկի դասարանի սաների և ղեկավար Իվանե Մկրտչանի նվագակցությամբ կատարեց  Սայաթ Նովայի ստեղծագործությունը՝ հայերեն և վրացերեն:    Հայերեն, ռուսերեն և վրացերեն լեզուներով հնչեց Պ.Ադամյանի անվան պետհայդրամայի թատրոնի դերասաններ Աշոտ Սիմոնյանի և Արամ Միքայելյանի, Թբիլիսիի թիվ 104 և 103 հանրային դպրոցների սաների ասմունքը:  

Միջոցառումը գնահատանքի  խոսքով ամփոփեցին Թեմի լրատվական բաժնի պատասխանատու Սուսաննա Խաչատրյանը և «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են