Հանդուրժողականության միջազգային օրվան նվիրված հյուրընկալություն Վիրահայոց թեմում
Նոյեմբերի 16-ը հանդուրժողականության միջազգային օրը, որը UNESCO-ի նախաձեռնությամբ նշվում է 1995 թվականից: Այդ օրը, Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախաձեռնությամբ, որպես տարբեր կրոնական թեմերի և համայնքների միմյանց նկատմամբ հարգանքի, սիրո և գնահատման արտահայտություն, յուրաքանչյուր տարի թեմերում և կրոնական կազմակերպություններում կազմակերպվում է Ինտեռխմբի անդամների հանդիպում և հյուրընկալություն:
2023 թվականի նոյեմբերի 16-ին հանդուրժողականության միջազգային օրը առանձնահատուկ նշվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմում: Վիրահայոց թեմի առաջնորդը հյուրընկալեց Վրաստանի տարբեր կրոնական կազմակերպությունների ղեկավարներին և ներկայացուցիչներին: Ներկայացված էին Վրաստանում գործող 14 կրոնական կազմակերպություններ:
Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում շրջայց կատարելուց հետո, հյուրերը Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեի գլխավորությամբ հյուրընկալվեցին թեմի «Հայարտուն» կենտրոնում:
Դահլիճում տեղեր էին զբաղեցրել Վրաց Ուղղափառ եկեղեցու, մուսուլմանական վարչության, եբրայական թեմի, եզիդական հոգևոր խորհրդի, Վրաստանի Ավետարանչական-բողոքական եկեղեցու, Վրաստանի Ավետարանչական դավանանքի եկեղեցու, լատինական- կաթոլիկական վարչության, Վրաստանի Ավետարանչական-լյութերական եկեղեցու, Թբիլիսիի միջազգային մկրտական եկեղեցիների միության, Փրկության բանակի, 7-րդ օրվա ադվենտիստների և այլ դավանանքների առաջնորդները և ներկայացուցիչները: Միջոցառմանը ներկա էր Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հգշ. Տեր Նշան վարդապետ Հմայակյանը:
Հյուրերին ողջունեց և Հանդուրժողական միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը: Սրբազան հայրը արժևորեց ԺԲ դարից Վրաստանում գործող Վիրահայոց թեմի գործունեությունը, որը պահպանելով իր կրոնական, մշակութային, կրթական բազմազանությունը, միշտ էլ կազմել է Վրաստանի քրիստոնյա հավատքի մասը, կարևորեց Կրոնի գործակալության դերը հանդուրժողական միջավայրի և կրոնական կազմակերպությունների միջև առանձնահատուկ հարաբերությունների ձևավորման գործում:
Կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին տոնական օրվա առթիվ շնորհավորեց Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն: Նա ընդգծեց Վրաստանում ավանդականորեն առկա հանդուրժողական միջավայրը և նշեց, որ արդի մարտահրավերների ֆոնի վրա կրոնական համայնքների պարտքն է էլ ավելի խորացնել և օժանդակել այդ հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը: Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահը գնահատանքի խոսքեր ուղղեց Վիրահայոց թեմի առաջնորդին գործակալության նախաձեռնությանը մասնակից դառնալու և հյուրընկալության համար, շնորհավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոս ձեռնադրվելու կապակցությամբ և մաղթեց նորանոր ձեռքերումներով շարունակել հարուստ պատմություն և ավանդույթներ ունեցող, Վրաստանի հոգևոր պատմությունում իր արժնվույն տեղը զբաղեցնող Վիրահայոց թեմի ղեկավարությունը:
Սեր, հարգանք, միևնույն Աստծու զավակներ լինելով, սակայն իրենց դավանանքով տարբեր պատմություններով և առակներով իրենց ելույթները համեմեցին տարբեր կրոնական հարանվանությունների ներկայացուցիչները:
Կրոնի գործակալության նախաձեռնությամբ հանդուրժողականության օրը Վրաստանում նման ձևաչափով նշվում է 2016 թվականից, առաջին հյուրընկալը եղել է Վրաց Ուղղափառ Եկեղեցին:
Միջոցառումը իրենց փայլուն կատարումներով գեղեցկացրին և տոնական մթնոլորտ ստեղծեցին Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու Մակար Եկմալյան երգչախումբը խմբավար Սվետլանա Տատոևայի ղեկավարությամբ և դաշնակահար Կարեն Միրզոյանի մասնակցությամբ, դուդուկահարներ Իվանե Մկրտչյանի և Արեն Հարությունյանի, ջութակահար Ալեքս Ակոպյանի և դաշնակահար Անրի Ակոպյանի, դհոլահար Արմեն Պապիկյանի գեղեցիկ ելույթները:
Միջոցառման հիասքանչ ավարտ դարձավ անմահ Սայաթ-Նովայի ստեղծագործուղյունների ծաղկաքաղը հայերեն և վրացերեն լեզուներով շնորհաշատ մենակատարուհի Աիդա Բազոյանի կատարմամբ: Վառ տպավորություններով և տոնական բարձր տրամադրությամբ ավարտվեց հանդուրժողական օրվան նվիրված գեղեցիկ միջոցառումը Վիրահայոց թեմում: