Материалы

Հանդուրժողականության միջազգային օրվան նվիրված հյուրընկալություն Վիրահայոց թեմում

Նոյեմբերի 16-ը  հանդուրժողականության միջազգային օրը, որը   UNESCO-ի նախաձեռնությամբ նշվում է 1995 թվականից: Այդ օրը, Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախաձեռնությամբ, որպես  տարբեր  կրոնական թեմերի և համայնքների միմյանց նկատմամբ հարգանքի, սիրո և գնահատման արտահայտություն, յուրաքանչյուր տարի  թեմերում և կրոնական  կազմակերպություններում կազմակերպվում է Ինտեռխմբի  անդամների հանդիպում և  հյուրընկալություն:

2023 թվականի  նոյեմբերի 16-ին  հանդուրժողականության միջազգային օրը առանձնահատուկ  նշվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմում:  Վիրահայոց թեմի առաջնորդը հյուրընկալեց Վրաստանի  տարբեր կրոնական  կազմակերպությունների  ղեկավարներին և ներկայացուցիչներին: Ներկայացված էին Վրաստանում գործող 14 կրոնական  կազմակերպություններ:

Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում շրջայց կատարելուց հետո, հյուրերը  Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեի  գլխավորությամբ հյուրընկալվեցին  թեմի «Հայարտուն» կենտրոնում:2

Դահլիճում տեղեր էին զբաղեցրել Վրաց Ուղղափառ եկեղեցու, մուսուլմանական վարչության, եբրայական թեմի, եզիդական հոգևոր խորհրդի, Վրաստանի Ավետարանչական-բողոքական եկեղեցու, Վրաստանի Ավետարանչական դավանանքի եկեղեցու, լատինական-  կաթոլիկական վարչության,   Վրաստանի Ավետարանչական-լյութերական եկեղեցու, Թբիլիսիի միջազգային մկրտական եկեղեցիների միության, Փրկության բանակի, 7-րդ օրվա ադվենտիստների և այլ դավանանքների  առաջնորդները և ներկայացուցիչները: Միջոցառմանը ներկա էր Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հգշ. Տեր Նշան վարդապետ Հմայակյանը:

Հյուրերին ողջունեց և  Հանդուրժողական միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորեց  Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս  եպիսկոպոս Դավթյանը: Սրբազան հայրը  արժևորեց ԺԲ դարից  Վրաստանում գործող   Վիրահայոց թեմի գործունեությունը, որը պահպանելով  իր կրոնական, մշակութային, կրթական  բազմազանությունը, միշտ էլ կազմել է Վրաստանի  քրիստոնյա հավատքի  մասը, կարևորեց Կրոնի գործակալության դերը հանդուրժողական միջավայրի և կրոնական կազմակերպությունների միջև առանձնահատուկ հարաբերությունների ձևավորման գործում:

Կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին տոնական օրվա առթիվ շնորհավորեց Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն: Նա ընդգծեց Վրաստանում ավանդականորեն առկա հանդուրժողական միջավայրը և նշեց, որ արդի մարտահրավերների ֆոնի վրա կրոնական համայնքների պարտքն է էլ ավելի խորացնել և օժանդակել այդ հարաբերությունների  զարգացմանը և ամրապնդմանը: Վրաստանի  կրոնի հարցերով պետական գործակալության նախագահը  գնահատանքի խոսքեր ուղղեց  Վիրահայոց թեմի առաջնորդին գործակալության նախաձեռնությանը մասնակից դառնալու և հյուրընկալության համար, շնորհավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոս ձեռնադրվելու  կապակցությամբ և մաղթեց նորանոր  ձեռքերումներով շարունակել հարուստ պատմություն և ավանդույթներ ունեցող, Վրաստանի հոգևոր պատմությունում իր արժնվույն տեղը զբաղեցնող Վիրահայոց թեմի ղեկավարությունը:

3

Սեր, հարգանք, միևնույն Աստծու զավակներ լինելով, սակայն իրենց դավանանքով տարբեր պատմություններով և առակներով իրենց ելույթները համեմեցին տարբեր կրոնական հարանվանությունների  ներկայացուցիչները:

Կրոնի գործակալության նախաձեռնությամբ հանդուրժողականության  օրը Վրաստանում նման ձևաչափով նշվում է 2016 թվականից, առաջին հյուրընկալը եղել է Վրաց Ուղղափառ Եկեղեցին:

Միջոցառումը  իրենց փայլուն կատարումներով գեղեցկացրին և տոնական մթնոլորտ ստեղծեցին Սուրբ Գևորգ առաջնորդանիստ  եկեղեցու Մակար Եկմալյան երգչախումբը  խմբավար Սվետլանա Տատոևայի ղեկավարությամբ և դաշնակահար Կարեն Միրզոյանի մասնակցությամբ,  դուդուկահարներ Իվանե Մկրտչյանի և  Արեն Հարությունյանի, ջութակահար Ալեքս Ակոպյանի և դաշնակահար Անրի  Ակոպյանի, դհոլահար  Արմեն Պապիկյանի գեղեցիկ ելույթները:

Միջոցառման հիասքանչ ավարտ դարձավ  անմահ Սայաթ-Նովայի ստեղծագործուղյունների ծաղկաքաղը հայերեն և վրացերեն լեզուներով շնորհաշատ մենակատարուհի   Աիդա Բազոյանի կատարմամբ: Վառ տպավորություններով և տոնական բարձր տրամադրությամբ  ավարտվեց հանդուրժողական օրվան նվիրված գեղեցիկ միջոցառումը Վիրահայոց թեմում:

4

5

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են