Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սբ. Պատարագ և դուրս բերվեց Սբ. մասունք՝ նվիրված Սբ. Առաքյալների տոնին
Հայաստանյայց Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին 2023 թվականի դեկտեմբերի 2-ին, , տոնեց Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնը:
Վիրահայոց թեմի առաջնորդանիստ, Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում , արժանապատիվ Տեր Հուսիկ քահանայի ձեռամբ մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ:
Հոծ բազմություն էր հավաքվել եկեղեցում, ներկա էին նաև Վիրահայոց թեմի մայրենիի ուսուցման «Սբ. Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա վարժարանի սաները, բազում երիտասարդներ:
Հընթացս Սբ. Պատարագի Պատարագիչ Տեր Հուսիկ քահանան քարոզ խոսեց Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի մասին, ովքեր լինելով Քրիստոսի անխոնջ 12 առաքյալներից էին, գալով Հայաստան` քրիստոնեություն քարոզեցին հայ ժողովրդին` արժանանալով «առաջին լուսավորիչներ» կոչմանը: Դեռևս քրիստոնեության արշալույսին նրանք նահատակվեցին Հայաստանում: Առաքյալների գործունեության արդյունքում 301 թվականին հայ ժողովուրդն աշխարհում առաջինը քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն:
Հավարտ Սբ. Պատարագի դուրս բերվեց Թովմաս առաքյալի մասունքակիր աջը՝ ի երկրպագություն ներկա հավատացյալների:
Հավատացյալները ակնածանքով և խոր հավատքով մոտենում էին Սբ. Խորանին, համբուրում Աստվածաշունչը և հպվում ու երկրպագում Սուրբ մասունքակիր աջը:
Եկեղեցու խորանին Սբ. Թովմաս առաքյալի մասունքակիր աջը դրված էր մինչև օրվա վերջը և բոլոր հավատացյալները հնարավորություն ունեին հպվելու, երկրպագելու և ստանալու Սուրբ Թովմաս առաքյալի մասունքների օրհնությունը: