Հոգեհանգստյան արարողություն երկրաշարժի զոհերի հիշատակին
2023 թվականի դեկտեմբերի 7-ին, Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում կատարվեց հոգեհանգստյան պաշտոն՝ 1988 թվականին Հյուսիսային Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին:
Չնայած ժամանակը սպիացնում է վերքերը, բայց հայ մարդը արդեն 35-րդ անգամ շարունակում է իր աղոթքով հայցել խաղաղություն անմեղ նահատակների հոգիների համար և մոմ վառել նրանց հիշատակին:
Երկու եկեղեցիներում կատարված հոգեհանգիստը նաև անդրադարձ էր Սպիտակի աղետաբեր երկրաշարժի ավերածություններին, աշխարհի երկրների արձագանքին ու օգնությանը դժբախտության մեջ հայտնված հայ ժողովրդին, հարևան քրիստոնյա Վրաստանի և վրաց ժողովրդի օգնությանը և ցուցաբերված աջակցությանը:
Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում երկրաշարժի զոհերի հիշատակին կատարվեց հոգեհանգստյան կարգ և մոմեր վառվեցին նրանց հոգիների խաղաղության համար:
1988թ. դեկտեմբերի 7-ին, Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ: Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Երկրաշարժն ընդգրկել էր ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1 մլն. մարդ: Տուժեցին 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան մնաց 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացավ շուրջ 20 000 մարդ: Ավերվեց ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարեցին գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս հասցվեց գյուղերին և ագրոարդյունաբերական համալիրին, ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին, տուժեց ժողկրթության 917 օջախ: